Դադարեցվել է Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդումը
20 Օգոստոսի 2026, 22:52
Արդարացնող հիմքով դադարեցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով իմ վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ վստահորդի միջոցով: Սակայն այս սուտը բացահայտվեց»,- նշել է փաստաբանը։
Նրա փոխանցմամբ՝ նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ 1262 բանկային գործարքները և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են:
«Արամայիս Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ թյուրըմբռնում ունի… Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա:
Այս հրեշավոր ստի պատճառով իմ վստահորդ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել։ Նաիրայի մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը»,- գրել է Ֆարմանյանը։