Արևմուտքի կողմից Հայաստանի օգտին և Ադրբեջանի դեմ հանդես գալն առաջին հերթին բարոյական պարտավորություն է. շվեդ պատգամավոր

13 Փետրվարի 2025, 16:30

Քաղաքականություն

Շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը Շվեդիային և Արևմուտքի մնացած երկրներին կոչ է արել հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանին և Բաքվի վարչակարգին հասկացնել, որ չեն ընդունում, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում սեփական բնակչությանն ու հարևան երկրներին: Այս մասին պատգամավորը նշել է՝ ելույթ ունենալով Շվեդիայի խորհրդարանում արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենամյա քննարկման ժամանակ։

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նա Արևմուտքին կոչ է արել աջակցել Հայաստանին՝ հանուն ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների, ինչպես նաև ավելի ուժեղ Եվրոպայի և ավելի ուժեղ արևմտյան քաղաքակրթության։

Շվեդ պատգամավորը իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է բռնապետ՝ ընդգծելով, որ վերջինս ահաբեկում է իր հարևան Հայաստանին։

«Այստեղից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա նստած է մի բռնապետ: Բռնապետ, որն ահաբեկում է իր հարևան երկրին, ավելի փոքր դեմոկրատական պետությանը, որն իր հայացքն ուղղել է դեպի Արևմուտք։ Բռնապետն ասում է, որ հարևան երկիրը վերահսկվում է ֆաշիստների կողմից, նա ասում է, որ պետք է ոչնչացնի այս իբր ֆաշիստներին։ Բռնապետը բողոքում է նաև Արևմուտքի ժողովրդավարական պետությունների դեմ, որոնք աջակցում են փոքր հարևան երկրին։ Նա ասում է, որ նրանց օգնությամբ այդ փոքր երկիրը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- իր ելույթում նշել է Հելսբորնը։

Պատգամավորը նաև անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային։

«Այս պատմության վերջին գլուխը եղավ 2023 թվականի սեպտեմբերին: 9-ամսյա շրջափակումից և հումանիտար տառապանքներից հետո ադրբեջանական բանակը մտավ և վերահսկողության տակ վերցրեց Արցախը: Դրան հաջորդեց էթնիկ զտումը։ Ավելի քան 100,000 հայեր՝ տարածքի բնակչության 99%-ը, վախենալով իրենց կյանքի համար, ստիպված են եղել փախչել և թողնել այն տունը, որտեղ ապրել են սերունդներով: Այդ ժամանակվանից Արցախը դարձել է աշխարհի ամենաքիչ ազատություն ունեցող վայրը՝ ըստ մեծ հեղինակություն վայելող Freedom House-ի: Սև անցք, որտեղ չկա ազատություն, ոչ մի իրավունք կամ մարդկային արժանապատվություն»,-ընդգծել է Էրիկ Հելսբորնը: