Այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, ունենք նվազում․ Փաշինյան

16 Սեպտեմբերի 2026, 17:29

Քաղաքականություն

Այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, ընդհակառակը՝ ունենք նվազում, և կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ մի քանի պատճառներով։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե այս տարվա սկզբից ի վեր որքանով է աճել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով ոլորտի ընթացիկ վիճակագրությունը և կառավարության որդեգրած ռազմավարական մոտեցումները, նշել է․

«Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ «գյուղատնտեսություն» ասելով՝ մենք այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետև գյուղատնտեսվարման այն ձևերը, որոնք այսօր լայնորեն կիրառվում են, այլևս ապագա չունեն և չեն աճելու։ Ընդհակառակը, դրանց աճի ուղղությամբ ջանքեր գործադրելը նշանակում է Հայաստանը դատապարտել հետադիմական ճանապարհով ընթանալուն»։