ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել
06 Օգոստոսի 2026, 15:50
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դոլարի շորթման և փողերի լվացման գործով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ–ի տվյալներով՝ 2008 թվականին Ծառուկյանը ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ, որից հետո պայմանավորվել են համատեղ բիզնես սկսել։ Ըստ իրավապահների` 2009 թվականին նրանք հիմնել են ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող ընկերություն, որտեղ երկուսն էլ ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, իսկ ընկերության տնօրեն է նշանակվել Ս․Ա․-ն (Սեդրակ Առուստամյանը–խմբ.)։
Ըստ ՔԿ-ի՝ նույն ժամանակահատվածում լիբանանահայ գործարարը Ծառուկյանին առաջարկել է նաև Կոտայքի մարզի Ակունք գյուղում խմելու ջրի գործարան կառուցել։ Պայմանավորվածության համաձայն՝ գործարարը պետք է ապահովեր արտադրական սարքավորումները, իսկ Ծառուկյանը՝ գործարանի շենքի կառուցումը։
Նախաքննության տվյալներով՝ 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի սկիզբը Հայաստան է տեղափոխվել ջրի արտադրության համար անհրաժեշտ 19 սարքավորում, սակայն փաթեթավորման գիծը չի առաքվել մատակարար ընկերության պատճառով։