Չեռնոգորիայում երկու տարի առաջ պաշտոնապես ձևավորեցինք հայ համայնք. Արթուր Հանեսյան

05 Մայիսի 2025, 23:05

Հայեր

Չեռնոգորիայում հայերը հիմնականում բիզնեսով են զբաղվում: Այս մասին Alpha News-ի եթերում ասաց Չեռնոգորիայի հայ համայնքի ղեկավար Արթուր Հանեսյանը:

«Չեռնոգորիայում մոտ 40 հայ ընտանիք է ապրում: Հայերը հիմնականում զբաղվում են բիզնեսով, ռեստորան կա, գեղեցկության սրահներ կան, շինարարներ կան, համագործակցում ենք Երևանի Սպուտնիկ տուրիստական գործակալության հետ: Հայ համայնք երկրում կար, սակայն համաձուլված չէին, և 2 տարի առաջ կազմակերպեցինք ժողով, ընտրեցինք համայնքի ղեկավար»,-ասաց Արթուր Հանեսյանը:

Խոսելով համայնքի հիմնական խնդիրների մասին, Չեռնոգորիայի հայ համայնքի ղեկավարը նշեց, որ հրատապ խնդիրներ չկան, և միակ հիմնական հարցը ֆինանսական հարցն է, քանի որ մեծամասամբ խնդիրները լուծվում են համայնքի հայերի սեփական ուժերով:

«Մեծ բյուջե չունենք, դեռ մեր ուժերով ենք անում: 4-5 ակտիվ մարդ կա, խաչքար տեղափոխեցինք, մեր ուժերով կազմակերպեցինք: Կազմակերպում ենք Եղեռնի հետ կապված պատարագ, Զատիկը, Նոր տարին միասին ենք նշում, աշխատում ենք ամեն թեմայով երեխաներին իրար հետ ծանոթացնել»,-հավելեց Արթուր Հանեսյանը: