Չինաստանում, երբ ասացի՝ դասախոս եմ, թողեցին մեծ հերթի մեջ առաջ անցնել. Անի Մարգարյան
04 Հունիսի 2025, 21:14
Չինաստանի հայ համայնքը բազմաշերտ է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Չինաստանում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից Անի Մարգարյանը:
Նրա խոսքով՝ համայնքը ձևավորվել է տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Ավստրալիայից, Կանադայից և այլ երկրներից Չինաստանում բնակություն հաստատած հայերից։
Անի Մարգարյանը նշել է, որ համայնքի ներկայացուցիչների զգալի մասը ուսուցիչներ, դասախոսներ, հետազոտողներ, ՏՏ ոլորտի մասնագետներ են:
«Մեր խնդիրն այն է, որ ցրված ենք Չինաստանի տարբեր քաղաքներում: Ճանապարհորդելիս բացահայտում ես, որ ամենափոքր քաղաքում ինչ-որ դպրոցում մի հայ կա, որը փորձում է պահպանել իր ինքնությունը»,- ասել է Անի Մարգարյանը:
Անդրադառնալով Չինաստանում հայոց լեզվի պահպանման խնդրին՝ Անի Մարգարյանը նշել է, որ Չինաստանում չկա հայկական դպրոց, և այնտեղ բնակվող հայերի համար այս պահին կարևոր է դպրոց ունենալը:
Անի Մարգարյանի խոսքով՝ Չինաստանում կարևորում են կրթության, ուսուցչի դերը։
«Կուզենայի, որ մեր հասարակությունում ևս ուսուցչի հանդեպ անկեղծ հարգանք լիներ: Ճանապարհորդելիս, երբ առիթ է լինում նշել, որ դասախոս եմ, մեծ հարգանքի եմ արժանանում: Մի անգամ չինական հայտնի ռեստորանում մեծ հերթի ժամանակ, երբ իմացան, որ դասավանդում եմ, թողեցին բոլորից առաջ անցնել: Այս ամենը հազարամյակներով արմատացած է չինացիների մեջ»,- ասել է նա։