Երևանը պետք է հայ ժողովրդից հարցնի ինտեգրացիոն ուղու ընտրության մասին՝ ԵՄ, թե ԵԱՏՄ․ Գալուզին
29 Հունիսի 2026, 17:13
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը TRIPP նախագծի և Հայաստանի եվրաինտեգրման հարցերի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ TRIPP երթուղին անցնում է այն տարածքով, որը գտնվում է ռուս սահմանապահների հսկողության տակ, հետևաբար ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի կարծիքը պետք է հաշվի առնել։ Գալուզինը նշել է նաև, որ ՀՀ-ի երկաթուղիները կառավարվում են Հարավկովկասյան երկաթուղու կողմից, և Հայաստանի տարածքով տարանցումը պետք է համապատասխանի ԵԱՏՄ նորմերին։
Դիվանագետի կարծիքով՝ այսպես կոչված «Թրամփի երթուղին» դժվար թե աջակցություն ստանա Իրանից և, հավանաբար, չի համապատասխանում Չինաստանի շահերին։
ՌԴ ԱԳՆ փոխնախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև ՀՀ-ի դիրքին ԵԱՏՄ-ում։ Նրա խոսքով՝ անընդունելի է իրավիճակը, երբ Երևանը օրենսդրորեն ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ միաժամանակ շարունակելով օգտվել ԵԱՏՄ անդամակցության առավելություններից։
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ վերազգային կառույցներին միանալը պահանջում է հանրաքվե, և ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Բելառուսի ղեկավարներն արդեն հանդես են եկել դրա արագ անցկացնելու օգտին։ Սակայն Մոսկվան, ըստ Գալուզինի, «լիովին չի հասկանում», թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը հետաձգում այդ քայլը։
Գալուզինը հիշեցրել է, որ նախորդ տարվա ապրիլին ՀՀ-ն ընդունել է «Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Նրա գնահատմամբ՝ դա արդեն փաստացի հաստատում է եվրաինտեգրման գործընթացի սկիզբը, նույնիսկ եթե պաշտոնական դիմում դեռ չի ներկայացվել։
«Հիմնական նշանակություն ունի հենց օրենքի ընդունման փաստը և ԵՄ-ի հետ մերձեցման գործնական քայլերը»,- ընդգծել է դիվանագետը։
Մոսկվան Հայաստանից ակնկալում է ինտեգրացիոն ուղու հստակեցում՝ կա՛մ ԵԱՏՄ-ում մնալու շարունակություն, կա՛մ ԵՄ-ի ուղղությամբ շարժում։ ՌԴ-ի կարծիքով՝ հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով՝ հասարակության դիրքորոշումը հստակեցնելու և անորոշությունը վերացնելու համար։