Եթե Կաթողիկոսի դեմ արշավը Վրաստանում լիներ, դժվար թե նման ավարտ ունենար. Արթուր Միրզոյան
12 Հունիսի 2025, 21:30
Ի աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, որի դեմ արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր Վրաստանում ակցիա է տեղի ունեցել։ Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանի հետ։
«Բողոքի ակցիան իրականացվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց՝ ի աջակցություն Մայր Աթոռի և Վեհափառի։ Հետևելով վերջին իրադարձություններին և տեսնելով, թե ինչպես են ՀՀ-ի ներկա իշխանությունները վարկաբեկում եկեղեցուն ու Վեհափառին, այստեղ ևս չկարողացանք լռել ու մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք։ Ակցիայի ընթացքում պահանջեցինք հեռու մնալ եկեղեցուց՝ նշելով, որ իրենց նման սրբապիղծները իրավունք չունեն դիպչել եկեղեցուն»,- նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցների շարքերում կային նաև վրացիներ, և նրանց համար ևս ընդունելի չէ իշխանությունների նման վերաբերմունքը։
«Ես շատ եմ մտածել այն ուղղությամբ, թե ինչ կլիներ, եթե նման բան իրենց թույլ տային վրաց իշխանությունները։ Ինչքան էլ ես տարաձայնություններն ունենամ այստեղի իշխանությունների հետ, նրանք ազգային են, և չեմ կարող պատկերացնել, որ կարող են իրենց նման բան թույլ տալ։ Ես նույնիսկ զարմացա, որ այս դեպքից հետո ՀՀ-ում մարդիկ ոտքի չկանգնեցին, որովհետև եթե նման բան Վրաստանում տեղի ունենար, դժվար թե նման ավարտ ունենար»,- եզրափակել է Միրզոյանը։