Հաղթելու բանաձևը՝ արարել ու ստեղծել, ոչ թե գոյատևել…

30 Օգոստոսի 2023, 09:17

Հայեր

Շարունակվող շրջափակման ծանր պայմաններում արցախցին շարունակում է իր համառ պայքարը:

Ճարտարում բնակվող Վարդան Գասպարյանը մանկուց ծնողներին օգնում է հողագործական աշխատանքներում։ Տնամերձի՝ 2012թ. հոր կառուցած 320 քառ. մետր տարածք ունեցող ջերմոցը Վարդանն ամեն տարի բարեկարգում է ու շարունակում հայրենակիցներին ապահովել տեղական արտադրանքով։ Տարիների ընթացքում փորձ ձեռք բերելով՝ որոշել է ընդլայնել ջերմոցային տնտեսությունը և 2020 թ-ին կառուցել է ևս մեկ ջերմոց։

Աճեցնում է առաջին անհրաժեշտության բանջարեղեն՝ լոլիկ, սմբուկ, բիբար։ Մի քանի օր առաջ տեղադրել է նաև աշնանացան վարունգի սածիլները։ Սածիլներն անձամբ է աճեցնում, հետո տեղափոխում ջերմոց։ Հիմնական գործն ինքն է կատարում, բայց, անհրաժեշտության դեպքում, ընկեր-բարեկամները սիրով աջակցում են։

Ձմռանը ցանում է միայն կանաչեղեն, քանի որ ջերմոցը չի ջեռուցվում։

Ըստ Վարդանի՝ ջերմոցային տնտեսությունը եկամտաբեր է, բայց միայն հույսը ջերմոցից ստացած եկամտի վրա չի դնում, համատեղում է հիմնական աշխատանքի հետ։

Շրջափակման հետևանքով առաջած խնդիրները կարելի է անվերջ թվարկել։ Ջրի ու վառելիքի խնդիր ունի, երկրորդ ջերմոցը տնից 5 կմ հեռու է, ամեն օր ոտքով գնալը մեծ դժվարություն է։

Աճեցվող բանջարեղենի պահանջարկը մեծ է, սպառում է միայն Ճարտարի տարածքում։ Վարդանի խոսքով՝ եթե վառելիքի խնդիր չունենար, բերքը վաճառքի կհաներ նաև Ստեփանակերտի շուկա ու կվաճառեր նույն գնով։

Առատ բերքատվության կարևոր նախապայման է անտրտունջ աշխատանքը.

«Ինչքան շատ աշխատես՝ այնքան շատ կստանաս։ Բույսը սիրում է մշտական խնամք և ուշադրություն: Քիչ թե շատ, արդեն որոշակի փորձ ունեմ, բայց, ինչպես ասում են, ինչքան աշխատես, այնքան շատ բան կսովորես»,- Արցախթերթի հետ զրույցում ասել է Վարդանը։   

Կշարունակի՞ ջերմոցային տնտեսությունը, թե ոչ՝ ասում է. «Ինչքան ուժերս ներեն՝ կաշխատեմ։ Եթե նպատակ ենք դնում երկիրը շենացնել, պետք է բոլոր ուժերը ներդնենք։ Ոչ մի շրջափակում, ոչ մի անորոշություն չպետք է հետ պահի մեր նախընտրած ճանապարհից։ Խոչընդոտներ ամեն բնագավառում էլ լինում են, ուղղակի պետք է հավատալ ու առաջ գնալ»։

Հիմա եթերում