Հայկական «Ֆերրարին»․ Ռաֆիկ Օրդյանի անհավանական GT-77-ի պատմությունը

25 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

Ռաֆիկ Օրդյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ նկարիչ Սարգիս Օրդյանի և Արևհատ Գրիգորյանի ընտանիքում։ Դեռ մանկուց նա հետաքրքրված էր տեխնիկայով և գիտությամբ․ մեծ հետաքրքրությամբ կարդում էր «Юный техник», «Техника молодёжи», «Знание- сила» ամսագրերը։ Ութերորդ դասարանում ինքնուրույն հավաքել է ռադիոընդունիչ, իսկ տասներորդում կառուցել իր առաջին ինքնաշեն մեքենան՝ «Բագգի-մոդելը», որը եզակի էր Հայաստանի համար։

Դպրոցն ավարտելուց հետո Ռաֆիկը ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ աչքի էր ընկնում որպես շնորհալի և ստեղծագործ ուսանող։ Հենց այստեղ էլ նա սկսել է իրականացնել իր կյանքի գլխավոր երազանքը՝ սպորտային GT-77 ավտոմեքենայի ստեղծումը։

1971 թվականին՝ ուսման վերջին կուրսում, նա Երևանի Քանաքեռի ՀԷԿ-ի շրջակայքում գտնվող իր տան նկուղը վերածել է փոքրիկ արհեստանոցի։ Ցածր առաստաղն ու նեղ տարածքը նրան հետ չեն կանգնեցրել․ ապագա ինժեները ստիպված էր տիրապետել ամենատարբեր մասնագիտությունների՝ դարբնագործությունից և եռակցումից մինչև քիմիա ու ավտոմեքենաների դիզայն։

Մեքենայի յուրաքանչյուր դետալ Օրդյանը պատրաստել է ձեռքով։ Միայն դռների պատրաստման համար նա կես տարի է ծախսել։ Աշխատանքներին օգնել է նաև նրա կինը՝ Էմմա Մայիլյանը, որը նույնպես ինժեներ էր և մասնակցել է թափքի մշակմանը։

Մեքենայի ստեղծման աշխատանքները տևել են վեց տարի։ Օրդյանը որպես շարժիչ օգտագործել է չեխոսլովակյան Škoda 1202-ի 47 ձիաուժ հզորությամբ շարժիչը, իսկ կախոցի տարրերն ու փոխանցման տուփը վերցրել «Մոսկվիչ-412»-ից։ Թափքը պատրաստված էր ապակեթելից՝ պողպատե շրջանակի վրա։

1977 թվականին GT-77-ը վերջապես պատրաստ էր։ Ավտոմեքենան փորձարկումների ընթացքում Մոսկվա-Սևաստոպոլ երթուղով անցել է շուրջ 2500 կմ՝ արժանանալով մասնագետների ուշադրությանն ու բարձր գնահատականին։

«Техника молодёжи» ամսագրի կազմակերպած ինքնաշեն ավտոմեքենաների համամիութենական մրցույթում Ռաֆիկ Օրդյանի ստեղծած մեքենան զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ԽՍՀՄ Գրան պրիին՝ մրցելով Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից ներկայացված տասնյակ մասնակիցների հետ։

GT-77-ը դարձել է եզակի օրինակ, որը պահպանվել է մինչև մեր օրերը, և հետագայում մտել պատմության մեջ՝ որպես խորհրդային ժամանակաշրջանի տեխնիկական ստեղծագործության, հնարամտության և մեծ երազանքի իրականացման խորհրդանիշ։

Ինքը՝ Ռաֆիկ Օրդյանը, հետագայում շարունակել է աշխատել որպես ինժեներ ԽՍՀՄ տրանսպորտի նախարարությունում, որտեղ զբաղվում էր փորձարարական նախագծերով։

Նրա անունը մնացել է հայկական ինժեներական մտքի պատմության մեջ՝ իր ստեղծագործական մոտեցման, տաղանդի և տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ։