Հնդկաստանում բոյկոտ է. հորդորում են Ադրբեջան և Թուրքիա չայցելել, այլ շրջագայել Հայաստանում. Աշուղյան

16 Մայիսի 2025, 20:00

Հայեր

Հնդկաստանում համատարած բոյկոտ է սկսվել. հորդորում են Ադրբեջան և Թուրքիա չայցելել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի համահիմնադիր, փոխնախագահ Ռուզաննա Աշուղյանը:

«Սահմանին մոտ գտնվող հայեր չկան, բայց եղել են այնպիսի վայերում համատարած հոսանքազրկումներ, որտեղ հայեր են բնակվում, բայց ռազմական հարվածի հետևանքով տուժողներ չեն եղել: Սա նոր հակամարտություն չէ, այն կշարունակվի՝ հաշվի առնելով նոր զենքերը, տեղեկատվական պայքարը»,- ասել է Ռուզաննա Աշուղյանն՝ անդրադառնալով Հնդկաստան-Պակիստան լարվածությանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակից հայերի համար դրական ելքն այն է, որ Հնդկաստանում համատարած բոյկոտ է սկսվել դեպի Ադրբեջան և Թուրքիա տուրիստական ուղղությունների նկատմամբ:

«Դրան զուգահեռ մարդկանց խորհուրդ են տալիս հանգիստը կազմակերպելու ցանկության դեպքում շրջագայել Հայաստանում, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Պակիստանին, իսկ Հայաստանը վերջին շրջանում դարձել է Հնդկաստանի ռազմավարական գործընկերը»,-հավելել է Ռուզաննա Աշուղյանը: