Իսրայելի գլխավոր նպատակը Իրանին որպես միացյալ պետություն կազմաքանդելն է. Արամ Շահնազարյան
17 Հունիսի 2025, 17:45
Արդեն հինգերորդ օրն է, ինչ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:
«Փաստացի Իրանն ու Իսրայելը գտնվում են պատերազմական վիճակում: Եվ կասեի, որ վերջին 48 ժամվա ընթացքում պատերազմը տեղափոխվել է բոլորովին նոր փուլ, կողմերը ոչ միայն թիրախավորում են ռազմական-քաղաքական նշանակության օբյեկտներ, այլ փորձում են հարվածներ հասցնել մեկը մյուսի ենթակառուցվածքներին՝ լինի դա թե՛ տնտեսական, թե՛ արդյունաբերական, քանի որ դրանք կարող են կաթվածահար անել սոցիալ-հասարակական կյանքը: Դրանից բացի, շատ կարևոր է այն հանգամանքը, որ երեկվանից Իսրայելը փորձում է հարվածել Իրանի ռադիոհեռուստատեսությանը, այսինքն՝ Իրանին զրկել իր ձայնը աշխարհին հասցնելու միջոցից, սակայն հարվածից հետո այն արագ վերականգնեց իր եթերը և շարունակում է աշխատել»,- նշել է Շահնազարյանը:
Խոսելով պատերազմ հրահրելու Իսրայելի իրական նպատակների մասին՝ նա նշել է.
«Իսրայելն իր նպատակների մասին հայտարարել է: Նա ցանկանում է ամբողջովին կազմաքանդել Իրանի միջուկային ծրագիրը, որպեսզի Իրանը չկարողանա արտադրել կամ ձեռք բերել միջուկային զենք: Բայց փորձագետների կարծիքով՝ Իսրայելի գլխավոր նպատակը Իրանում իշխանափոխության հասնելն ու որպես միացյալ պետություն այն կազմաքանդելն է: Դա բխում է այս տարածաշրջանում Իսրայելի անմիջական շահերից»: