Լեհաստանում քաղաքական ճգնաժամը սրվում է․ բախում՝ Սահմանադրական դատարանի շենքի մոտ
31 Հոկտեմբերի 2026, 11:00
Լեհաստանի Սահմանադրական դատարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին գիշերը ժամանել է այնտեղ՝ քաղաքական ճգնաժամի սրման ֆոնին։ Երկրի նախագահը ընդհատել է իր այցը Սենեգալ և վերադարձել Լեհաստան, երբ դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկան հայտարարել է դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկուն ժամանակավորապես պաշտոնից հեռացնելու մասին։
Ինչպես հայտնում է RMF24-ը, Նավրոցկին շաբաթ օրը՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում, Գերագույն դատարանի առաջին նախագահ Զբիգնև Կապինսկու ուղեկցությամբ մտել է դատարանի շենք։
Մուտքի մոտ բախում է տեղի ունեցել։ Հրապարակման մեջ միջադեպի մանրամասները և հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում։
Ճգնաժամը սրվել է ուրբաթ երեկոյան, երբ Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է որոշում՝ Սվենչկովսկուն և փոխնախագահ Բարտլոմեյ Սոխանսկուն ժամանակավորապես պաշտոնից հեռացնելու մասին։
Դատարանի ղեկավարությունը մերժել է հայտարարված փոփոխությունները՝ հայտարարելով, որ կայքը ապօրինաբար զավթվել է։ Կորվին-Պյոտրովսկան, իր հերթին, հայտարարել է ղեկավարությունը փոխելու անհրաժեշտության մասին։
Երեկոյան Սվենչկովսկին ժամանել է դատարանի շենքի մոտ, սակայն ոստիկանությունը սահմանափակել է նրա մուտքը։ Ավելի ուշ ցուցարարները կտրել են մուտքի դարպասի շղթան, ինչից հետո տարածք են մտել Սվենչկովսկին, «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին և մշակույթի նախկին նախարար Պյոտր Գլինսկին։ Սակայն դատարանի նախագահին թույլ չեն տվել ավելի առաջ անցնել։
Գերագույն դատարանի առաջին նախագահ Կապինսկին տեղի ունեցողն անվանել է «պետական հեղաշրջում»՝ հայտարարելով, որ դատարանի նկատմամբ իրականացվող գործողություններն ապօրինի են։ Մինչդեռ վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իրավունքի գերակայության վերականգնումը վճռական գործողություններ է պահանջում։
Հակամարտության ֆոնին Չինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հայտարարել են հրաժարականների մասին՝ իրենց որոշումները պայմանավորելով երկրում ստեղծված իրավիճակով։