Մարգարիտա Մոնե․ Անհավանական ձայնով աղջիկը

15 Փետրվարի 2025, 23:42

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 15-ին ամերիկահայ երգչուհի Մարգարիտա Մոնեի (Մարգարիտա Մարտիրոսյան) ծննդյան օրն է:

Մարգարիտա Մոնեն երգչուհի է, դաշնակահարուհի, կոմպոզիտոր և դերասանուհի, ով ունի հրաշալի ձայն և տպավորիչ դիապազոն: Նա հայտնի «Edge of Paradise» ռոք խմբի հիմնադիրն ու վոկալիստն է, որի ստեղծագործությունները լի են էներգիայով և խորությամբ։

Մարգարիտան ծնվել է Երևանում, փոքր հասակից ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Երաժշտության աշխարհում առաջին իսկ քայլերից արտասովոր ունակություններ է ցուցաբերել։ Չորս տարեկանից սկսել է զբաղվել երաժշտությամբ, մասնակցել է հեղինակավոր մրցույթների, որտեղ բազմիցս արժանացել է մրցանակների։

Երբ Մարգարիտան 11 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հյուսթոն, որտեղ նա հաճախել է Կատարողական և վիզուալ արվեստների բարձրագույն դպրոց։ Երբ նա որոշում է կայացնում շարունակել իր ճանապարհը երգարվեստում , մեկնում է Նյու Յորք ՝ դառնալով Նյու Յորքի համալսարանի Tisch School of Arts արվեստների դպրոցի ուսանող։ Այստեղ նա խորությամբ ուսումնասիրել է թատրոնն ու երաժշտությունը` տիրապետելով Մայսներ ստուդիայի դերասանական տեխնիկային։

2010 թվականին Մարգարիտան տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ճակատագիրը նրան բերել է տաղանդավոր կիթառահար Դեյվ Բեյթսի մոտ, ում հետ նա սկսել է աշխատել մի նախագծի վրա։ Դեյվն իր խմբի համար նոր վոկալիստ էր փնտրում և գնահատելով Մարգարիտայի անհավանական ներուժը նրանք սկսում են համագործակցել, ինչի արդյունքում ձևավորվում է «Edge of Paradise» ռոք խումբը, որը նոր հնչեղություն ստանալով, արագորեն ճանաչում է ձեռք բերում երկրպագուների շրջանում:

Ամերիկյան «Edge of Paradise» ռոք խումբը ստեղծվել է 2011 թվականին Լոս Անջելեսում։ 2012 թվականին Մարգարիտան ընդգրկվել է Metalholic ամսագրի «Հարդ ռոքի և մետալի լավագույն 25 երգիչների» ցանկում։