Մարտավարություն, քաջություն և հաղթանակ. Կոմանդոս
06 Մայիսի 2025, 23:40

Արկադի Տեր-Թադևոսյանը, որը հայտնի է Կոմանդոս անունով, ժամանակակից հայ ռազմական պատմության առանցքային դեմքերից է: Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին պաշտպանության կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար նրան շնորհվեց հայ ռազմարվեստի ականավոր ստրատեգի կարգավիճակ:
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում: Նա ռազմական կրթություն է ստացել Բաքվի համազորային հրամանատարական ուսումնարանում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիայում։ Նրա կարիերան ընդգրկում էր ծառայություն Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում և Բելառուսում՝ նախքան 1987 թվականին Հայաստան վերադառնալը:
1988 թվականից Տեր-Թադևոսյանը ակտիվորեն մասնակցել է հայ աշխարհազորայինների պատրաստմանը, իսկ 1990 թվականին դարձել է սահմանամերձ հայկական գյուղերը պաշտպանող «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ: 1991թ. նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազորային պատրաստության բաժնի պետ, որտեղ առանցքային դեր է խաղացել երկրի զինված ուժերի կազմավորման գործում:
Նրա կարիերայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը 1992 թվականի մայիսին «Հարսանիք լեռներում» օպերացիան էր, որի շնորհիվ ազտագրվեց Շուշին: Խստագույն գաղտնիության պայմաններում մշակված այս ռազմավարական մանևրը դարձավ բեկումնային պահ Ղարաբաղյան պատերազմում։ Նրա հրամանատարական տաղանդի շնորհիվ հայկական ուժերը կարողացան նվազագույն կորուստներով գրավել միջնաբերդը։
Իր վաստակի համար Տեր-Թադևոսյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ գեներալ-մայորի կոչման (1992), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, ինչպես նաև Երևանի պատվավոր քաղաքացի կոչման (1998): 2009 թվականին ստացել է «Արցախի հերոս» կոչումը։
Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է 2021 թվականի մարտի 31-ին Երևանում: Հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։