Նավասարդյան համահայկական 48-րդ խաղերի շրջանակներում մեկնարկել են «Հրաշք»-ի մրցույթները

26 Հունիսի 2025, 00:30

Սպորտ

Նավասարդյան համահայկական 48-րդ խաղերի շրջանակներում Հ.Մ.Ը.Մ. Գլենդելի Արարատ բաժանմունքում մեկնարկել են «Հրաշք» մասնաճյուղի մրցույթները: «Հրաշք»-ը հատուկ կարիքներ ունեցող մարզիկների համար նախատեսված ծրագիր է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս իրացնել իրենց ողջ ներուժը: Յուրաքանչյուր երեխայի կարիքներին հարմարեցված յուրահատուկ մարզչական համակարգով «Հրաշք»-ը ոգեշնչում է բոլորին՝ երիտասարդ մարզիկների մոտ զարգացնելով հմտություններ և վստահություն:

«Այսօր ունենք 67 ակտիվ մարզիկ՝ 5-55 տարեկան, և 125 քոուչ-կամավոր, առանց որոնց այս ծրագիրը կյանքի չէր կոչվի»,-Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հրաշք» մասնաճյուղի քարտուղար Քաթրին Մաթևոսյանը:

«Հրաշք»-ի ատլետիկ տնօրեն Դեյվիդ Բիրդն էլ նշել է, որ յուրաքանչյուր մարզիկ ունի իր անհատական մարզիչը:

«Առաջին, երկրորդ, երրորդ տեղերի հաղթողները կստանան նաև մասնակցության մեդալ՝ մեզ միանալու համար: Մեր մարզիկները հիասքանչ են: Ինձ համար մեծ հաճույք էր աշխատել այստեղ՝ «Հրաշք»-ում»»,- ասել է մարզիչը։

«Հրաշք»-ի խնդիրն է մասնակիցներին տրամադրել սոցիալացման և ներառման հնարավորություն՝ միաժամանակ պայքարելով հաշմանդամության հետ կապված խնդիրների դեմ: