Նրանք արեցին այն, ինչի մասին մի ժամանակ միայն երազել էին

06 Մարտի 2025, 14:55

Հայեր | Սպորտ

Կիպրոսի Այիա Նապա քաղաքում ավարտվել է «EliteNeon Cup» միջազգային ամենամյա մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի այնպիսի թոփ ակումբների պատանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են անգլիական «էվերտոն»-ը, հունական «ՊԱՕԿ»-ը,իտալական «Յուվենտուս»-ը, կիպրական «ԱՊՕԵԼ»-ը, դանիական «Միթյուլանդ»-ը և այլն: Հայաստանից Կիպրոս էր մեկնել երեք թիմ՝ «Փյունիկ 2010»-ը, «Ուրարտու 2010»-ը և «Արարատ-Երևան»-ը:

«Փյունիկ 2010»-ն ընդգրկված էր E խմբում: Մեկնարկային հանդիպումը փյունիկցիների համար հաջող է ստացվել, որտեղ 2:0 հաշվով Գագիկ Գրիգորյանի և Ռոբերտ Հովակիմյանի գոլերի շնորհիվ պատանի փյունիկցիները առավելության են հասել հունական «Ատրոմիտոս»-ի նկատմամբ: Մի քանի ժամ անց սպասվում էր խմբում մյուս հանդիպումը, որտեղ համառ պայքարում տղաները գոլազուրկ ոչ-ոքի են անցկացրել կիպրական «ՊԱԵԵԿ»-ի հետ: Խմբային փուլում վերջին հանդիպումը դանիական «Միթյուլանդ»-ի դեմ էր, որտեղ «Փյունիկ 2010»-ը կրել է մրցաշարի առաջին պարտությունը 0:2 հաշվով:

Գագիկ Գրիգորյան

Ռոբերտ Հովակիմյան

«Մրցաշարը մի քանի մասի կարելի է բաժանել։ Առաջին երկու խաղերից հետո գրանցել էինք մեկ հաղթանակ և մեկ ոչ-ոքի: Արդեն 3-րդ տուրում դանիական լավ պատրաստված թիմից պարտություն կրեցինք, բայց տղաները պայքարեցին մինչև վերջ, և, կարող եմ ասել, որ ամենաշատ փորձը հենց այդ պարտությունից ունեցանք», — ասում է գլխավոր մարզիչ Ստեփան Հարությունյանը։

Ստեփան Հարությունյան

Արդյունքում «Փյունիկ 2010»-ը խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը:

Հաջորդ խաղում «Փյունիկ 2010»-ը 0:2 հաշվով զիջել է կիպրական «Պաֆոս»-ին։

«Ֆուտբոլիստների մոտ հոգնածությունը զգացվեց «Պաֆոս»-ի հետ խաղում, սակայն, այստեղ ևս կարևորը փորձն էր, որը տվեց մեզ այդ խաղը։ Վնասվածքներ ստանալու ռիսկ ևս կար, բայց սպասվածից ավելի քիչ կորուստներ եղան այս ծանրաբեռնված խաղերի ընթացքում», – հավելել է մարզիչը։

Իսկ վերջին հանդիպումը, ճակատագրի հեգնաքով երկու հայկական թիմերի միջև էր: Կիպրական հողում հանդիպում էին «Փյունիկ 2010»-ը և «Ուրարտու»-ն:

Այստեղ փյունիկցիները 3:0 հաշվով հաղթեցին «Ուրարտու»-ի պատանի ֆուտբոլիստներին: Հաղթական խաղում գոլերով աչքի են ընկել Վարդան Մինասյանը, Ռոբերտ Հովակիմյանը և մեկ անգամ էլ գրանցվել է ինքնագոլ: Խաղի ավարտին երկու թիմերի պատանի ֆուտբոլիստներն իրենց հանդիպումն անմահացրել են միասնական լուսանկարով՝ եռագույնով:

Վարդան Մինասյան

Ռոբերտ Հովակիմյան

«Այսպիսի մրցաշարերը կարևոր նշանակություն ունեն մեր սաների համար՝ հնարավորություն տալով միջազգային մակարդակում փորձել իրենց ուժերը։ Շնորհակալ ենք ակումբի ղեկավարությանն այսպիսի հնարավորության և մեծ փորձի համար: Մենք Հայաստան ենք վերադառնում ավելի ուժեղ», — եզրափակել է թիմի գլխավոր մարզիչ Ստեփան Հարությունյանը։

Թիմերն արդեն Երևանում են, պատրաստվում են արդեն մեկնարկած Հայաստանի առաջնությանն ու Հայաստանի գավաթի համար մրցապայքարին: