Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ հաշվին են կրկնապատկվել պետբյուջեի եկամուտները

16 Սեպտեմբերի 2026, 19:09

Քաղաքականություն

2017 թվականի համեմատ՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն աճել են 130․5%-ով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել են։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե Հակակոռուպցիոն դատարանը տարիներ շարունակ կալանք է դրել որոշակի գույքերի վրա, սակայն որևէ բան չի կարողացել ապացուցել։

Փաշինյանի խոսքով՝ սա այն գումարն է, որը «վերադարձվել է թալանչիներից և ուղղվել ժողովրդի կարիքների ապահովմանը»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ցուցանիշում ներառված են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերը, որոնք նախորդ շրջանի համեմատ էականորեն ավելացել են՝ կրկնապատկվելով։

«Դուք ասում եք, թե ոչինչ չեն ապացուցել։ Լրացուցիչ ապացուցման կարի՞ք ունի արդյոք այն փաստը, որ ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած անձը կամ նրա ընտանիքը տիրապետում է տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարների ունեցվածքի։ Էլ ի՞նչ ապացույց եք ուզում, ուզում եք ասել՝ դրա համար կա՞ որևէ տեսական հնարավորություն»,- նշել է վարչապետը։