Փաշինյանը փորձում է բերել եկեղեցուն քաղաքական դաշտ, որտեղ այլ կանոններ են գործում. Արմեն Բադալյան
05 Հունիսի 2025, 22:30
Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական գրառումներ և հայտարարություններ է անում՝ մեղադրելով եկեղեցականներին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
Նրա խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին ի չիք է դարձնում Նիկոլ Փաշինյանի ողջ ծրագիրը:
«Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջել և հասել է այն սահմանին, որ նրան հետևում է միայն խիստ հավատարիմ ընտրազանգվածը: Բայց խնդիրը ոչ թե վարկանիշի, այլ վարչապետի կողմից իրականացվող քաղաքականության հարցն է եկեղեցու նկատմամբ: Նա նման ոչ բարոյական բառապաշար օգտագործելու և՛ առիթ, և՛ պատճառ ունի: Առիթը Շվեյցարիայում տեղի ունեցած համաժողովն էր: Ինչո՞ւ, քանի որ վարչապետն ամեն տեղ կրկնում է՝ Արցախի հարցը փակված է, բայց Հայ Առաքելական Եկեղեցին գնում և մասնակցում է Արցախի հարցի հետ կապված միջազգային համաժողովին՝ փաստելով, որ առնվազն եկեղեցու համար այդ հարցը փակ չէ: Սա առիթ էր եկեղեցուն հարվածելու, քանի որ ՀԱԵ-ն ի չիք է դարձնում վարչապետի ողջ ծրագիրը»,- նշել է Բադալյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ եկեղեցու լռությունը Փաշինյանին հասցնում է պոռթկումների:
«Եկեղեցին հայտարարություն տարածեց, բարոյախրատական տեսանկյունից պատասխանեց Փաշինյանին, բայց այլևս ոչինչ չի ասելու: Այժմ եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն, քանի որ վարչապետի նպատակը մեկն է՝ բերել եկեղեցուն քաղաքական դաշտ, որտեղ այլ կանոններ են գործում, և որոնց եկեղեցին կարող է չտիրապետել: Եկեղեցու լռությունը Փաշինյանին հասցնում է պոռթկումների, դժգոհությունների»,- եզրափակել է Բադալյանը: