Փաշինյանը վախենում է ընդդիմության համախմբումից և փողոցային պայքարից․ Լևոն Քոչարյան
05 Նոյեմբերի 2026, 15:48
Ես իսկապես շատ կարևորում եմ այն հանդիպումը, որը տեղի ունեցավ, և այն չորս ընդհանուր կետերը, որոնց շուրջ համաձայնության եկանք՝ չնայած տարբեր ուժերի միջև առկա բազմաթիվ տարաձայնություններին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Սա հուսադրող է, բայց դեռ շատ անելիք ունենք: Մի բան է թղթի շուրջ համաձայնության գալը, մեկ այլ բան՝ դրան հաջորդող գործողություններն ու քայլերը, որոնք ավելի կարևոր են», նշել է նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության համախմբմանն ուղղված ծաղրական արձագանքին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունը փորձում է այդ գործընթացը ներկայացնել որպես անլուրջ նախաձեռնություն, մինչդեռ իրականում վախենում է ընդդիմության համախմբումից և փողոցային պայքարից։
«Եթե դու որևէ մեկից չես վախենում, վտանգ չես տեսնում, ինչո՞ւ ես գնում այսքան ոչ ժողովրդավարական, հակաիրավական, ապօրինի քայլերի՝ բոլորին բանտարկելով։ Ընտրություններից հետո այն երեք ուժերը, որոնք միասին ավելի քան 500 հազար ձայն են հավաքել, այսօր այդ ուժերի բոլոր ղեկավարները բանտում են։ Արդյոք սրանք մի մարդու քայլեր են, ով վտանգ չի տեսնում։ Չեմ կարծում»,- ասել է նա։