Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

««Անկլավները» հանձնենք՝ որ լավ ապրենք»

11 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 10-ի հարցազրույցը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը կարելի է բաժանել մի քանի բովանդակային բլոկների՝ Երևանի քաղաքապետի ընտրություն, հայ-ադրբեջանական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, առճակատում Ռուսաստանի հետ և եվրոպական «պայծառ» հեռանկարներ»։ Կարող եք նաև լավ վերնագիր ընտրել այս հարցազրույցի համար ու այն կարող է լինել այսպիսին՝ ««Անկլավները» հանձնենք՝ որ լավ ապրենք», կամ «Պատերազմ հայտարարենք Ռուսաստանին, որ լավ ապրենք», կամ «Թուրքիան թշնամի չէ, իսկ «Զանգեզուրի միջանցքն էլ» պրոբլեմ չէ»:

Նախ, նկատում ենք, որ ի հեճուկս այն ամենի, ինչ իշխանական քարոզչությունը փորձում էր հրամցնել հայ հասարակությանը Գրանադայի հանդիպումից հետո, Փաշինյանի հարցազրույցից պարզ դարձավ, որ պաշտոնական Երևանը պատրաստ է հրաժարվել «անկլավներից»։ Այսինքն՝ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել այնպիսի տարածքներ Արարատի և Տավուշի մարզերում, որոնք Իլհամ Ալիևի ռեժիմին թույլ կտան տոտալ վերահսկողություն իրականացնել Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Միևնույն ժամանակ, կրկին փորձ արվեց մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը, և Փաշինյանը կրկին հայտարարեց, որ «կորցնելով Տիգրանաշենը, Ոսկեպարը և այլ «անկլավներ»՝ Հայաստանը կարող է ձեռք բերել Արծվաշենը»։

Նախ, ևս մեկ անգամ հատուկ շեշտենք, որ «անկլավների» նկատմամբ վերահսկողության կորուստը հղի է էներգետիկ և տրանսպորտային մեկուսացմամբ ոչ միայն Սյունիքի, այլ ամողջ Հայաստանի համար։ Երկրորդ, ժամանակակից հայկական պետության համար պաշտոնական Երևանի վերահսկողության տակ գտնվող «անկլավները» ռազմավարական տեսանկյունից շատ ավելի կարևոր են, քան Արծվաշենը։

Արծվաշենն այսօր Հայաստանի սահմանից բաժանում է ադրբեջանական գրեթե 15 կմ. տարածք: Եթե զգացմունքները մի կողմ թողնեք, ապա պետք է նշենք, որ ստանալով Արծվաշենը, պաշտոնական Երևանը կկանգնի ոչ միայն այս տարածքը բնակեցնելու, այլև նոր սահման ձևավորելու, մարզկենտրոն-Արծվաշեն անխափան կապ ապահովելու և այլ խնդիրների առաջ։ Միևնույն ժամանակ, մենք պետք է անկեղծ լինենք և նշենք, որ հնարավոր փոխանակումից հետո այս «անկլավները» և՛ մի կողմից, և՛ մյուս կողմից (ավելի շուտ, իհարկե, Ադրբեջանի կողմից) կվերածվեն «ռազմական կղզիների» և կդառնան անվտանգության տեսանկյունից գլխացավանք երկու կողմերի համար: Այսպիսով, հակամարտությունը ոչ միայն չի ավարտվի, այլև կստանա նոր «հող» էսկալացիայի համար։

Կարևոր է նաև նշել, որ Նիկոլ Փաշինյանի՝ «անկլավների» մասին հայտարարությունները եղել են Գրանադայում ԵՄ գագաթնաժողովի արդյունքների քննարկման համատեքստում։ Իսկ եթե հանենք բոլոր ֆորմալ ձևակերպումները, ապա Փաշինյանի խոսքերից պարզ դարձավ, որ նույնիսկ «անկլավների» հանձնումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որն ընդգրկում է Արցախը, բացարձակապես ոչինչ չի նշանակում, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է հրապարակայնորեն ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այս ճանաչումն ամրապնդել իրավաբանորեն և քաղաքականապես պարտադիր ուժ ունեցող ստորագրությամբ։ Եվ նույնիսկ այս ֆոնին, երբ Բաքուն հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Փաշինյանն իր հարցազրույցում շարունակել է սրել հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։

Նիկոլ Փաշինյանի խոսքերից պարզ դարձավ, որ ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու մտադրությունը չի վերացել, և, դատելով լրագրողի ճշտող հարցից, պաշտոնական Երևանը ցանկանում է, որ ռուսական զորախումբը ԼՂՀ-ից Ադրբեջանի տարածքով դուրս գա ու գնա Ռուսաստան։ Եվ, եթե Ձեզ թվում է, որ Հայաստանից 102 ռազմաբազայի և ռուս սահմանապահների պոտենցիալ դուրսբերման մասին հարցը տրվել է պատահաբար, ապա Դուք, ակնհայտորեն, ամբողջական պատկերը չեք տեսնում…

Ավելին, այս հարցը՝ Հայաստանից ռուսական զորքերի հնարավոր դուրսբերման մասին, գրեթե ուղղակի շանտաժ էր այն թեմայով, որ խաղաղապահները պիտի դուրս բերվեն Արցախից, և եթե նրանք ցանկանան մնալ ՀՀ-ում, ապա պաշտոնական Երևանը կբարձրացնի Հայաստանից ռուսական ամողջ զորախմբի դուրսբերման հարցը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն խոսքերին, որ «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը չպետք է ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, ակնհայտ է, որ Փաշինյանի այս գնահատականը պատահական չէր։ Նա քաջատեղյակ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ պարբերությունում սևով սպիտակի վրա գրված է. «Տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»։

Այս ամբողջ իրավիճակը՝ Արցախի շրջափակման, ապա ռազմական ագրեսիայի և Արցախի Հանրապետությունից հայերի բռնի տեղահանման հետ կապված, արվել է հենց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այս կետը չկատարելու համար։ Հայաստանի իշխանությունների կողմից պատերազմը Ռուսաստանին հայտարարվեց հենց նրա համար, որ ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը վերահսկողություն չունենա տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ, քանի որ այս դեպքում Փաշինյանը կկորցնի Արևմուտքի աջակցությունը և անձնական անձեռնմխելիության երաշխիքները։ Փաշինյանի համար նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս չկա, և «հանձնենք Ղարաբաղը՝ որ լավ ապրենք» կարգախոսն արդեն վերածվել է «անկլավները» հանձնենք՝ որ լավ ապրենք» կարգախոսի։