Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Երեխան արկի պայթյունից վախեցել ու մոր աչքի առաջ մահացել է | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #15

27 Հոկտեմբերի 2023, 22:30

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով արցախցի Տաթեւ Միքայելյանի ընտանիքը կրկնակի ողբերգության միջով է անցել։ Նա ու նրա ընտանիքը կորցրել է ոչ միայն հայրենիքը, տունը, տարիների ստեղծածը, այլեւ թշնամու գործողություններին զոհ է դարձել Տաթեւի պապիկը՝ 88-ամյա Արտուշ Միքայելյանը։

Պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Տաթեւի ընտանիքի անդամներն ու մյուս գյուղացիները հապճեպ դուրս են եկել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղից, փախել՝ անտառ, որ գնան հարեւան գյուղ՝ Խաչմաչ, որտեղ ըստ Տաթեւի՝ ապահով էր։

«Իրենց զգուշացրել են, որ թուրքերը մտնում են գյուղ ու իրենք պետք է լքեն գյուղը։ Միակ ճանապարհը, որ մեր գյուղից Ստեփանակերտ էր տանում, թուրքերը փակել էին։ Գյուղացիներին հաջողվել է հասնել Խաչմաչ գյուղ, որը խորքում էր, թշնամուն՝ քիչ տեսնալի, բայց կարճ ժամանակ անց ստիպված են եղել նաեւ այստեղից դուրս գալ եւ ոտքով հասնել Կարմիր գյուղ, որտեղից անտառի միջով մեքենայի ճանապարհ կա դեպի Ստեփանակերտ։ Խառը վիճակում ով, որ մեքենայում ասես նստել է ու գնացել Ստեփանակերտ եւ միայն նկուղներում պատսպարվելու ժամանակ են մերոնք հասկացել, որ պապիկը չկա։ Հարցուփորձ են արել ու պարզել, որ պապիկը հրաժարվել է մեքենա նստել ու իր նման տարեց մյուս համագյուղացիների հետ մնացել է էնտեղ»,- Alpha News-ի հետ զրույցում պատմում է Տաթեւը։

Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ Տաթեւի պապը նախ չի գտնվել, 10 օր անց, երբ արդեն Տաթեւն իր ընտանիքի հետ Երեւանում էին, զանգ են ստացել փրկարարներից, որ Արտուշ Միքայելյանի դին գտնվել է։ Փորձաքննության արդյունքը ցույց է տվել, որ սրտի կանգ է գրանցվել տղամարդու մոտ, բայց Տաթեւի ընտանիքը վստահ չէ, որ իրենց հարազատի մահվան պատճառը սրտի կանգն է։

«Փակ դագաղով ենք նրան հուղարկավորել»,- ասում է Տաթեւը։

Արտուշ Միքայելյանի հետ այլ մարդիկ էլ են եղել։ Նրանցից 2-ը գերեվարվել են, հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձվել, իսկ մյուս երեք անձանցից նորություն չկա։ Տաթեւի խոսքով՝ գերեվարվածներն են պատմել, որ տարբեր ուղղություններով են գնացել, հետուառաջ ընկել ու կորցրել իրար»,- պատմում է Տաթեւը։

Թոռնուհին ենթադրում է՝ պապը երեւի չի ցանկացել լքել որդու գերեզմանը, այդ պատճառով էլ հրաժարվել է նստել մեքենան։ Տաթեւի հորեղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Կարմիր խաչի միջնորդությամբ Արտուշ Միքայելյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան։ Հոկտեմբերի 1-ին են նրան հուղարկավորել։

Տաթեւը պատմում է նաեւ հրթիռակոծության առաջին ձայները լսելու եւ դրան հաջորդած գործողությունների մասին։ Նա այդ օրը Ստեփանակերտում էր, եղբոր տանը։ Երկրորդ անգամ պայթյունի ձայնը լսելուց հետո են միայն հասկացել, որ պատերազմ է։ Իջել են նկուղ, պատսպարվել, այստեղ մնացել են մինչեւ հրադադարը։

«Լույս, գազ չկար։ Մարդիկ իրար օգնում էին, հաց նույնսկ չկար ուտելու, ով, ինչ ուներ՝ հյուրասիրում էր մեկմեկու։ Կապն ընդհատված էր, չէինք կարողանում կապվել մեր ընտանիքի անդամների հետ։ Մենք լսում էինք արկերի ձայները, պարզ էր, որ հրթիռակոծությունը Ստեփանակերտի սահմանին էր, մտածում էինք, որ արդեն մտել են քաղաք։ Պատերազմը տեւեց 24 ժամ, բայց այդ ընթացքում մեկ րոպե անգամ կրակոցների ձայնը չէր դադարել, քաղաքացիական բնակչության շրջանում նույնիսկ զոհեր կային, այդ թվում՝ երեխաներ։ Մարդիկ նկուղներից դուրս էին գալիս, որ իրենց հարազատներին փնտրեն, ծնողներ կային գնում էին դպրոց, մանկապարտեզ՝ իրենց երեխայի հետեւից։ Դեպք է եղել, երբ ծնողը երեխային դպրոցից վերցրել է, ճանապարհին արկի պայթյունի ձայնից 12 տարեկան երեխան մոր աչքի առաջ վախից մահացել է»,- պատմում է Արցախից բռնի տեղահանվածը։

Տաթեւն ու նրա եղբայրը մորն ու տատիկին գտել են սեպտեմբերի 21-ին, որից հետո դուրս են եկել նկուղներից։  Տաթեւի հայրը պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, նրանից երեք օր լուր չեն ունեցել։ Պատերազմից երեք օր հետո  հայրը զանգել է աղջկան ու տեղեկացրել, որ շրջափակման մեջ է հայտնվել։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ են Տաթեւի հորն ու նրա մարտական ընկերներին զինաթափել ու շրջափակումից հանել։

Հրադադարից հետո էլ Արցախում անորոշություն էր, հիշում է Տաթեւը։  Մարդիկ չգիտեին՝ ինչ անել, կամ ինչ՝ չանել։ Տաթեւը պատմում է՝ երբ հայտարարվեց հումանիտար միջանցք բացելու մասին, մարդիկ սկսեցին հավաքվել, վառելիք գտնել, որ կարողանան դուրս գալ։

Տաթեւն Արցախից իր հետ հող է բերել։ Պատերազմից առաջ մայրն էր մյուս դստեր ծաղիկների համար գյուղից Ստեփանակերտ հող ուղարկել։

«Էդ հողից մի բուռ վերցրել եմ ու բերել էստեղ՝ որպես հուշ մեր հայրենի գյուղից»,- ասում է Տաթեւը։

Տաթեւի ընտանիքը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի եւ նրա ընկերներից մեկի վարձակալած բնակարանում է այժմ ապրում Վանաձորում։ Թեեւ անսահման կարոտին՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը իրեն շատ լավ է զգում Լոռվա գեղատեսիլ բնության մեջ, քաղաքը Ստեփանակերտն է հիշեցնում, բայց ավելի կարեւոր խնդիր կա՝ աշխատանք գտնելը։

Տաթեւը Ստեփանակերտում աշխատում էր բնապահպանության կոմիտեում։ Հայաստան բռնի տեղահանվելուց հետո պետական համակարգում է աշխատանք փնտրել, հարմար տարբերակ կամ չի եղել, կամ էլ թափուր հաստիք չի եղել։

Տաթեւը մտադիր է վաղեմի երազանքներն իրագործել՝ ֆլորիստ, լուսանկարիչ կամ էլ հաղորդավար դառնալ։ Ասում է՝ եթե աշխատանքի հարմար առաջարկ ստանա  Երեւանից՝ կգա այստեղ։ Պատրաստ է անհրաժեշտության դեպքում սովորել, հետո ստացած գիտելիքները կիրառել աշխատանքի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։