Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Սոված, ծարավ 36 ժամ մեքենա վարելով հասել ենք Կոռնիձոր». Արցախյան բռնագաղթ. վկայություններ #2

12 Հոկտեմբերի 2023, 22:00

37-ամյա Մերինե Հարությունյանը 5 երեխաների եւ գերությունից ազատ արձակված ամուսնու հետ արդեն երկրորդ տունն է կորցրել Արցախում: 44-օրյա պատերազմի հետեւանքով Մերինեի ընտանիքը Շուշիի իրենց տնից զրկվեց, երեք տարի անց էլ կորցրեց Ստեփանակերտի տունը:

Անվտանգությունից ելնելով 44-օրյա պատերազմի ժամանակ Մերինեն 5 անչափահաս երեխաների հետ տեղահանվել էր Հայաստան, բայց պատերազմից հետո որոշեց վերադառնալ Արցախ: Ամուսինն այդ ժամանակ գերության մեջ էր, Կառավարությունը նրանց համար Ստեփանակերտում տուն գնեց, որոշ ժամանակ անց ամուսինը վերադարձավ Բաքվից, բայց հոգեկան առողջության հետ խնդիրներով: Մերինեն երեխաների հետ սկսեց նոր տանը կյանք տալ, այգի մշակել, չմտածելով անգամ, որ հնարավոր է այս տունն էլ կորցնի:

Հիմա արդեն, երբ զրկվել է ոչ միայն իր տնից, այլեւ Արցախից ու բռնի տեղահանվել Հայաստան, Մերինեն նոր տուն կառուցելու, կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու ցանկություն չունի: Կյանքի հանդեպ վստահությունն ու հետաքրքրությունն է կորցրել: Ասում է՝ ապրելու եմ ներկա օրով, ապագայի մասին չեմ ուզում մտածել:

«Արդեն ո՛չ երազանք, ո՛չ էլ ակնկալիք ունեմ կյանքից: Հիմա արդեն ոչ մի բանի մասին չեմ մտածում, մտածում եմ, որ պիտի նույնը կրկնվի, վախ կա, վստահություն չունեմ, այսօրվա օրով եմ ապրում, իսկ թե վաղն ինչ կլինի՝ ոչ մեկս չգիտենք: Թուրքի խնդիրը հենց հայն է, որտեղ էլ հայը գնա, միշտ խնդիրների մեջ է լինելու»,- Аlpha News-ի հետ զրույցում ասում է 37-ամյա Մերինեն:

Հայաստան տեղափոխվելուց հետո Մերինեն քրոջ եւ մյուս հարազատների հետ՝ 20 հոգով, Երեւանում ծանոթներից մեկի տանն էին տեղավորվել, հիմա արդեն առանձնացել են: Մերինեն վարձով բնակարան է գտել մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում, այժմ մտածում է երեխաներին դպրոցում տեղավորելու, հետո արդեն աշխատանք գտնելու մասին:

«Պետության տված գումարներով պետք է յոլա գնանք ու օգնություններով, շնորհակալ ենք, որ գոնե սնունդով են օգնում, դրա վրա գումար չենք ծախսում»,- ասում է Մերինեն:

Ստեփանակերտից դուրս գալը դժոխք է հիշեցնում Մերինեին: Ինքն է մեքենան վարել եւ ընտանիքին հանել Արցախից:

«Քանի որ ամուսինս հոգեկան առողջության հետ խնդիրներ ուներ, ես ինձ տան տղամարդն էի զգում, ամեն ինչ ես էի անում: Էդ օրերին էլ Ստեփանակերտից ոտքով հասա Ասկերան, բենզինի հերթ կանգնեցի, որ ես էլ երեխաներիս կարողանամ հանել: 36 ժամ, սոված, ծարավ, առանց քնելու մեքենան վարեցի, հասցրեցի Հայաստան: Ադրբեջանական անցակետերից մեկում մեզ կանգնեցրին, ամուսնուս իջեցրեցին մեքենայից, հետո մեզ նայեցին ու իրար երեսի նայելով մեզ «գյոզալ» ասացին: Ուզում էի դրանցից շուտ ազատվել, փորձում էին սադրել, որ մենք իրենց պատասխանենք, բայց մենք լռեցինք ու դրանցից մի կերպ ազատվեցինք: Իրենք ոչինչ չեն ստուգել, մենակ մեքենայի բեռնախցիկը ստուգեցին, տեսնեն զենք կա՞, թե՝ չէ, ուրիշ ոչ մի բան չէին ստուգում, դե իրենք ուզում էին, որ մենք դուրս գանք էնտեղից»,- հիշողություններով կիսվում է Մերինեն:

Արցախի մասին խոսելիս Մերինեի ձայնը դողում է, իսկ երբ հիշում է իրենց շանը, արցունքները զսպել չի կարողանում: Շանն իրենց հետ չեն բերել, մեքենայում տեղ չկար:

«Լավաշ էինք թխել, որ ուտենք, բայց զանգեցին ասացին, որ ժամանակ չկա, պետք է լքենք: Լավաշը տվեցինք շանը, մեզնից խռովեց, մի անկյունում նստեց, էլի թխեցինք, տվեցինք իրեն, որ մեզնից հետո սոված չմնա: Տեղ չկար մեքենայում, նույնիսկ մեր շորերը չենք բերել, միայն կարեւոր իրերը: Ինչ էլ ունեի՝ քանդել, ցրիվ եմ տվել, որ թուրքը չքանդեր ու պատին գրել ենք՝ мы ещё вернёмся: Մենք պիտի գնանք, հաստատ, որ իմանամ էնտեղ թուրք չկա, հիմա էլ վազելով կգնամ: Անհամբեր սպասում եմ էդ օրվան, գուցե ես չլինեմ, բայց գոնե երեխաներս թող գնան: Մենք մեր ցանկությամբ չենք դուրս եկել Արցախից, մեզ պարտադրել են»,- ասում է Մերինեն: