ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
21 Հունվարի 2025, 22:00
«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
Նրա համոզմամբ, Ադրբեջանը շահագրգիռ չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Դա պարտավորությունների առաջ կկանգնեցնի Բաքվին։ Այդ փաստաթուղթն ըստ նրա՝ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության պահպանման համար։
«Այդ պայմանագիրը Հայաստանի իշխանությունների համար թուղթ է, որը նրանք կարող են թափահարել առաջիկա ընտրությունների ժամանակ և ժողովրդին ցույց տալ, որ 2021-ի իրենց խոստացածն արել են, իսկ եթե չկա խաղաղությունը, ապա դրանում իրենք մեղավոր չեն, մեղավորն աշխարհն է, խաղաղության երաշխավորներ չկան։ Ադրբեջանի համար այդ պայմանագիրը պարտավորություններ կսահմանի, դա հետո կարող են իրեն դեմ տալ, իսկ Բաքուն շահագրգռված չէ թեկուզ քիչ, բայց պարտավորություններ ունենալ, դա զսպաշապիկ կլինի նրա համար։ Առանց այդ պայմանագրի էլ Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է, դրա ապացույցն էլ Տավուշում կատարվածն է, երբ 2024-ի գարնանը բանակը հետ քաշվեց իր դիրքերից և 4 գյուղ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ»,- նշում է Վիգեն Հակոբյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմնական կռվախնձորն ըստ քաղտեխնոլոգի, Սյունիքով անցնող ճանապարհն է, որը Բաքուն և Անկարան ուզում են գործի որպես միջանցք, այսինքն՝ Հայաստանի կողմից առանց որևէ վերահսկողության։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Հայաստանով ճանապարհ այս կամ այն ֆորմատով ամեն դեպքում անցնելու է։
«Կա 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի 9-րդ կետում հստակ նկարագրված է, թե ինչպես պետք է գործի այդ ճանապարհը ու նկարագրված է ոչ այնպես, ինչպես ներկայացնում է Փաշինյանը։ Միջազգային իրավունքի տեսակետից խոսքը ոչ թե տրանստերիտորիալ, այլ սուվերեն ճանապարհի մասին է, բայց մեր ռեգիոնում դրա տակ միջանցքային տրամաբանություն է դրվում։ Բոլոր տեղերում էլ այդ ճանապարհները կոչվում են միջանցքներ, ուղղակի մեր մոտ միջանցք հասկացությունը նմանեցվում է Լաչինի միջանցքին, այսինքն, թե ով է վերահսկելու այն։ Կարծում եմ, որ երբ ստորագրվում էր 2020-ին այդ փաստաթուղթը, Բաքուն և Անկարան հարցը դիտարկում էին միջանցքի տրամաբանության մեջ, օգտագործում էին «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչը նշանակում էր, որ Հայաստանը չպետք է վերահսկի այն։ Կարծում եմ՝ ռուսներն այդ ժամանակ կարողացել էին վերմակն իրենց վրա քաշել, Երևանին ու Բաքվին ասել՝ ո՛չ քեզ, ո՛չ ինձ, ֆորմալ առումով թող լինի Հայաստանինը, բայց կվերահսկվի իմ կողմց, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան մեր վերահսկողության ներքո կկարողանան ազատ օգտվել ճանապարհից։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, այդ թվում՝ Արցախը հանձնելով, այդ ճանապարհը ոչ մեկին չտալ, բայց չկարողացավ։ Ռուսները շարունակելու են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն այդ ճանապարհին վերաբերող դրույթն իրականացվի։ Այս հարցը բաց է մնում ու շատ բան կախված է լինելու ԱՄՆ-ի նոր նախագահի՝ Թրամփի վարչակազմի դիրքորոշումից»,- ընդգծում է քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի համոզմամբ, Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա, բայց փորձում է տպավորություն ստեղծել, թե Արևմուտք է գնում։
«Դեպի Արևմուտք գնալը պատրանք է, ուղղակի դա հասարակությունը հեշտ է մարսում։ Ժողովուրդը Արևմուտքն ընկալում է որպես պրոգրեսիվ բևեռ, դեմ՝ ռուսներին։ Բայց իրականում դեպի Թուրքիա է գնում, դա բացահայտվեց, երբ 2024-ին Փաշինյանը Նյու Յորքում հանդիպեց Էրդողանի հետ, որտեղ նրա ձեռքը տվեցին Էրդողանի գիրքն ու ասացին՝ դե նկարվի սրանով, որպեսզի բոլորը տեսնեն, թե ում մարդն ես դու և ում միջոցով այսուհետ պետք է քեզ հրահանգներ իջեցնեն։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, ապա Փաշինյանին Ռուսաստանից հասկացրեցին, որ այդ կառույցից դուրս գալը նշանակում է դուրս գալ նաև ԵԱՏՄ-ից։ Այսինքն՝ հնարավոր չէ լինել Մոսկվային հակադիր ռազմաքաղաքական բևեռում, բայց ուժեղանալ Ռուսաստանի հաշվին։ Եթե ռազմաքաղաքական առումով Փաշինյանի պատկերացմամբ այլընտրանքներ կան, և նա օրինակ, Հնդկաստանից է զենք առնում, ապա տնտեսական առումով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ահռելի է։ Առայժմ Փաշինյանը սրան այլընտրանք չի տեսնում, դրա համար էլ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ ոչ մի բան չի անում, որովհետև դա կնշանակի կոլապսի առաջ կանգնել»,- շեշտում է Վիգեն Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: