Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Փաշինյանը չի ուզում հաշվի նստել. Սաղաթելյան

15 Հունիսի 2026, 14:29

Քաղաքականություն

«Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ուզում հաշվի նստել, համակերպվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

Ըստ նրա՝ չնայած աննախադեպ,  լայնածավալ արտաքին աջակցության, տվյալ դեպքում միջամտության, պետական վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և բազմաթիվ ապօրինությունների,  Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ ժողովրդի ձայների 50 տոկոս։ 

«Չնայած աննախադեպ բռնաճնշումների, ապօրինությունների, ընտրակեղծիքների, ֆիզիկական ու տեղեկատվական տեռորի, ընդդիմությունը, առնվազն խորհրդարանական շեմը հաղթահարող ուժերը, կարողացավ արձանագրել շուրջ 550 հազար քվե։

Այս փաստի հետ Փաշինյանը փորձում է  չհամակերպվել և հայտարարում է  ընդդիմության ձայները կեղծված են, լեգիտիմ չէ ընդդիմությունը, ձայները ձեռք է բերել ընտրակաշառքով։  

Լսիր, Նիկոլ Փաշինյան,  այդ երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դու ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ,  դա դու ես ու քո քաղաքական թիմը։ Հետևաբար, ուզես թե չուզես,  այս փաստի հետ հաշվի ես նստելու։ 

Ընդհանրապես, այս ձեռագիրը նույն ձեռագիրն է, բան չի փոխվել իրենց մոտ՝ հանձնել Արցախը, ասել նախկիններն են արել, կեղծել ընտրությունները, մեղքը բարդել ընդդիմության վրա։ 

Եվ այս ամենի իմաստը ո՞րն է ՝ շարունակ  խուսափել պատասխանատվությունից, շարունակ  մեղքը բարդել այլոց վրա»,- ասել է Սաղաթելյանը։