Քեյ Արմեն. 40-ականներին Ամերիկան նվաճած հայուհին

03 Նոյեմբերի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նոյեմբերի 3-ին ամերիկահայ երգչուհի Քեյ Արմենի (իսկական անունը՝ Արմենուհի Մանուկյան) ծննդյան օրն է:

Քեյ Արմենը ծնվել է Չիկագոյում 1915 թվականին պրոֆեսիոնալ ըմբիշի ընտանիքում։ Երգչուհին շատ սիրված էր 1940-1950-ական թվականներին: Իր երկար՝ գրեթե 60 տարվա կարիերայի ընթացքում նկարահանվել է կինոյում, աշխատել հեռուստատեսությունում, երգել ռադիոյում, խաղացել թատրոնում: Հարկ է նշել, որ Քեյ Արմենը բազմաթիվ երգեր է գրել, այդ իսկ պատճառով նրան կարելի է անվանել կայացած երգահան:

Հայուհու առաջին ելույթը ռադիոյում տեղի է ունեցել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում՝ WSM-ում։ Մեկ շաբաթվա ընթացքում նա հասցրել է հանդես գալ 12 ծրագրերում։ Քառասունականների վերջում նա NBC-Blue-ում վարում էր շաբաթական 15 րոպեանոց «Kay Armen-Songs» ծրագիրը։

Քեյ Արմենը որպես դերասանուհի 1959 թվականից ներկայացել է NBC-ի «Սեր և ամուսնություն» սիթքոմում, այնուհետև՝ «Get On Up» մյուզիքլում, իսկ 1961 թվականին նկարահանվել է «Hey, Let’s Twist» ֆիլմում։

Նա այնպիսի երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Be Good to Yourself»-ը, «My Love and I»-ը և «It’s a Sin to Cry Over You»-ը։

Քեյ Արմենը կյանքից հեռացել է 94 տարեկանում՝ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին։