Սիմոն Մարտիրոսյան․ Մեծ բարձրունքների հասած ծանրամարտիկը
17 Փետրվարի 2025, 23:58

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 17-ին Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է։
Մարզիկը ծնվել է 1997 թվականին Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում։ Սիմոնը փոքր տարիքից մարզվել է, իսկ 12 տարեկանում մարզիչ Աշոտ Փիլոսյանի խիստ ղեկավարությամբ սկսել է զբաղվել ծանրամարտով։
2012 թվականին նա բարձրացել է Եվրոպայի երիտասարդական առաջնության պատվո պատվանդանին՝ նվաճելով բրոնզե մեդալ մինչև 94 կգ քաշային կարգում, իսկ հաջորդ տարի նա ոսկե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում և Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում:
2014 թվականը Սիմոնի համար պատմական տարի էր։ Չինաստանի Նանջինգ քաղաքում ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում +85 կգ քաշային կարգում երկամարտի 391 կգ արդյունքով գրավել է 1-ին տեղը՝ սահմանելով համաշխարհային պատանեկան խաղերի ռեկորդ:
2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում Մարտիրոսյանը նվաճել է արծաթե մեդալ։ 2018 թվականին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարիտրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ սահմանելով երկամարտի և հրում վարժության աշխարհի ռեկորդ:
2021 թվականը նրան ևս մեկ հաղթանակ է բերել պոկում վարժությունը՝ Մոսկվայում անցկացած Եվրոպայի առաջնությունում, սակայն հրում վարժությունում ձախողել է։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա կրկին բարձրացրել է ծանրաձողը և սահմանել օլիմպիական ռեկորդ պոկում վարժությունում, սակայն վերջում պարտվել է ուզբեկ մարզիկին։
2023 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Սիմոնը շարունակել է պայքարն ամենաբարձր մակարդակներում՝ մեդալներ նվաճելով աշխարհի առաջատարների հետ ծանր պայքարում: Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում նա բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Սաուդյան Արաբիայում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է հինգերորդը՝ իր հավաքածուին ավելացնելով փոքր արծաթե մեդալ:
2024 թվականի փետրվարին էլ Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Սիմոնը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում՝ փոքր արծաթին: