«3+3»-ի օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը. ՌԴ-ում Իրանի դեսպան

23 Հոկտեմբերի 2023, 15:21

Քաղաքականություն

Թեհրանում այսօր «3+3» ձևաչափով կայանալիք հանդիպման օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը։

Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Թեհրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությանը։

Նա ընդգծել է, որ այդ հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ և առանց արտաքին դերակատարների ներգրավման։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը:

Վրաստանը մասնակցության հրավերը մերժել է և նշել, որ երբեք չի մասնակցել դրան:

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները այսօր Թեհրանում հանդիպելու են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):

Հիմա եթերում