Խորհրդային Միության հայազգի բուլղարացին՝ Բեդրոս Կիրկորովը
02 Հունիսի 2026, 23:20
Բեդրոս Կիրկորովը ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ հայ ընտանիքում։ Նրա հայրը կոշկակար էր, մայրը՝ տնային տնտեսուհի, սակայն երկուսն էլ երգում էին քաղաքի երգչախմբում, և երաժշտական մթնոլորտը մանկուց շրջապատում էր ապագա արտիստին։ Իր հզոր ձայնի շնորհիվ նա առանձնանում էր հասակակիցների շրջանում և ստացել էր «Շեփոր» մականունը։ Թեև ավարտել էր ուսումնարանը «կոշկակար-մոդելավորող» մասնագիտությամբ, սակայն կյանքը նրա համար այլ ճանապարհ էր ընտրել՝ բեմը։
Բանակում ծառայելուց հետո Կիրկորովը սկսել է հանդես գալ Վառնայի օպերային թատրոնում, որտեղ Գեորգի Վոլկովի ղեկավարությամբ սովորել է իտալական բելկանտոյի (գեղեցիկ երգեցողություն) արվեստը։
Նրա տաղանդը նկատել են մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանն ու Արամ Խաչատրյանը, որոնց աջակցությամբ նա հայտնվել է Մոսկվայում և ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ (ГИТИС)։ Դեռ ուսանողական տարիներին նա ակտիվ համերգային գործունեություն էր ծավալում՝ ելույթ ունենալով Յուրի Սիլանտևի, Էդդի Ռոզների, Վլադիմիր Ֆեդոսեևի և Լեոնիդ Ուտյոսովի նվագախմբերի հետ։ Հենց Ուտյոսովն էլ առաջարկել է ստեղծել «Մոսկվա-Սոֆիա, Սոֆիա-Մոսկվա» ծրագիրը, որը նվիրված էր Բուլղարիայի և ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությանը։ Այդ ծրագրի շրջանակում հնչել է նաև հանրահայտ «Ալյոշա» երգը, որը դարձել է ժողովուրդների եղբայրության խորհրդանիշ։
Կիրկորովի արվեստին բնորոշ էր ակադեմիական վոկալի և էստրադային կատարման յուրահատուկ համադրություն։ Նա երգում էր ռուսերեն, բուլղարերեն և իտալերեն լեզուներով, հանդես էր գալիս Խորհրդային Միության և Բուլղարիայի ամենահեղինակավոր բեմերում, ինչպես նաև հյուրախաղերով շրջագայում էր արտերկրում։ Նրա երգացանկում ընդգրկված էին թե՛ ժողովրդական երգեր, թե՛ էստրադային ստեղծագործություններ, իսկ նրա ձայնն առանձնանում էր իր հզորությամբ և արտահայտչականությամբ։
Արտիստի անձնական կյանքը հեշտ չի եղել․ 1964 թվականին ամուսնացել է Վիկտորիա Լիխաչևայի հետ, որը մահացել է 1994թ-ին՝ քաղցկեղից։ Նրանց որդին՝ Ֆիլիպ Կիրկորովը, Ռուսաստանի ամենահայտնի էստրադային երգիչներից է և շարունակում է ընտանեկան երաժշտական ավանդույթը։ Բեդրոս Կիրկորովը հպարտանում էր որդու հաջողություններով, սակայն միևնույն ժամանակ ինքն էլ պահպանել է իր առանձնահատուկ և նշանակալի տեղը երաժշտական աշխարհում։ Նույնիսկ պատկառելի տարիքում նա շարունակում էր բեմ դուրս գալ, մասնակցել տարբեր հեռուստանախագծերի։
Բեդրոս Կիրկորովը մահացել է 2025 թվականի մարտի 18-ին Մոսկվայում՝ սրտային անբավարարության հետևանքով՝ կյանքի 93-րդ տարում։ Նա հուղարկավորվել է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Նրա մահը մեծ կորուստ էր ռուսական և բուլղարական մշակույթի համար, սակայն նրա հիշատակը շարունակում է պահպանվել՝ նրա երգերի, ստեղծագործական ժառանգության և որդու գործունեության միջոցով։
Բեդրոս Կիրկորովը պատմության մեջ կմնա որպես արտիստ, որը երաժշտության միջոցով կարողացել է միավորել ժողովուրդներին, որպես մարդ, որն արհեստավորից դարձել է էստրադայի խորհրդանիշ, և որպես հայր, որը դաստիարակել է «ռուսական փոփ-երաժշտության արքային»։