Յուրի Հովհաննիսյան․ Համաշխարհային գիտության լեգենդը

14 Ապրիլի 2024, 23:14

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 14-ին լրանում է հայազգի ականավոր գիտնական, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի 91-ամյակը:

Յուրի Ցոլակովիչի գործունեությունը բազմազան է։ Նրա աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։

Մեծանուն հայ գիտնականի պատվին՝ 2016 թվականին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է Oganesson (Og):

Նա դարձել է առաջին ռուս գիտնականը, որի անունով իր կյանքի ընթացքում կոչվել է քիմիական տարր։
Յուրի Հովհաննիսյանն ընդգրկվել է այնպիսի հանճարների ցանկում, ինչպիսիք են Էյնշտեյնը, Ռազերֆորդը և Ֆլերովը, որոնց պատվին անվանվել են նախորդ տարրերը։
Ֆիզիկոսը Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Իտալիայի և Հայաստանի համալսարանների պրոֆեսոր է
Հայաստանում թողարկվել է անվանի ֆիզիկոսի դիմանկարով նամականիշ, որի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ քիմիական տարրը։