Յուրի Հովհաննիսյանը՝ Մենդելեևի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան մրցանակի դափնեկիր
18 Օգոստոսի 2026, 23:40
Աշխարհահռչակ հայազգի գիտնական, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի առաջին երկու դափնեկիրներից մեկը։
Գիտնականին մրցանակը շնորհվել է քիմիական տարրերի համակարգի սահմաններն ընդլայնած հեղափոխական հայտնագործությունների և տեսական գիտությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մրցանակաբաշխության արարողությունը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 15-ին՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։
Մինչ այդ Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ գիտական գործունեությունը։ Գ.Ն. Ֆլյորովի անվան միջուկային հետազոտությունների կենտրոնում նա մասնակցում է գերծանր տարրերի սինթեզին նվիրված փորձերի քննարկումներին։
Աշնանը գիտնականը կշարունակի աշխատանքը՝ կենտրոնանալով 119-րդ, իսկ հեռանկարում նաև 120-րդ քիմիական տարրերի որոնման վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ առաջին ազդանշանները կարող են գրանցվել արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հովհաննիսյանը, որպես լաբորատորիայի գիտական ղեկավար, համակարգում է ծրագիրը, վերլուծում միջանկյալ արդյունքները և որոշում հետագա քայլերը։
Յուրի Հովհաննիսյանի անունով է կոչվել պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ օգանեսոնը (Og)։ Այն ներկայումս պարբերական համակարգի ամենածանր և վերջին հաստատված քիմիական տարրն է։