Դմիտրի Դիբրով. Եթե դու հայի ընկեր ես, ապա դու աշխարհի բոլոր հայերի ընկերն ես
14 Նոյեմբերի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դմիտրի Դիբրովը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Հայրը Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։
Դմիտրի Դիբրովն ավարտել է Ռոստովի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Նա նաև հետաքրքրված էր թատրոնով, խաղում էր ուսանողական թատրոնում, եղել է նաև ՈՒՀԱ-ի համալսարանական թիմի անդամ։
Համալսարանն ավարտելուց հետո Դիբրովը տեղափոխվել է Մոսկվայի մարզ, որտեղ էլ սկսել է լրագրողական գործունեությունը։ Ութսունականների սկզբին աշխատել է որպես թղթակից, իսկ ավելի ուշ Մոսկվայի մարզի Դոմոդեդովսկի շրջանում «Призыв» թերթի նամակների բաժնի վարիչ։ Այնուհետև եղել է «Московский комсомолец» թերթի քաղաքային բաժնի թղթակիցը։
80-ականների վերջին Դմիտրին մի քանի տարի աշխատել է որպես ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակից, այնուհետև դարձել է գործակալության երիտասարդական խմբագրության ղեկավարի տեղակալ։ Հաջորդ չորս տարիներին աշխատել է կենտրոնական հեռուստատեսության երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում որպես հատուկ թղթակից։ Համագործակցել է «Հայացք» ծրագրի հետ, նրա համար երաժշտական թեմայով սյուժեներ պատրաստել։ 90-ականների սկզբին հեռուստատեսության նոր ձևավորման դարաշրջանում Դիբրովն աշխատել է «Օստանկինո»-ի «Նոր ստուդա»-ում։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին դարձել է գլխավոր ռեժիսոր, իսկ 1993 թվականին «Օստանկինո» 4-րդ ալիքի գլխավոր տնօրեն։
Դմիտրի Դիբրովն իրեն ամբողջովին նվիրել է հեռուստատեսությանը, ստեղծել է շատ հետաքրքիր նախագծեր համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության, ОРТ-ի և НТВ-ի համար: Ավելի ուշ նա սկսել է հաճախ հայտնվել կադրում, իսկ նրա հայտնի ծրագրերից մեկը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ն էր։
Ի դեպ, Դիբրովը հայկական արմատներ ունի։ «Ես Դոնի Ռոստովից «ցեխովիկի» զարմիկ եմ։ Հայերը միշտ եղել են Սփյուռքում։ Հորեղբայրս զարմանալի ամսագրեր էր ստանում Լոս Անջելեսից, «Բիթլզի» սկավառակներ»,- մի անգամ հարցազրույցում պատմել է հեռուստահաղորդավարը։
Նա նաև ասել է․ «Եթե դու հայի ընկեր ես, ապա դու և՛ տաքսիստի, և՛ բանկիրի, և՛ տնտեսագետի, և՛ հնոցապանի ընկեր ես։ Դու աշխարհի բոլոր հայերի ընկերն ես․․․»։