«Աշխարհակարգ 2.0». Եկատերինա Էնտինա
20 Դեկտեմբերի 2025, 21:00
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր «ուղեղային կենտրոնների» ղեկավարների և առաջատար փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի Միջերկրածովյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Սևծովյան-միջերկրածովյան հետազոտությունների բաժնի ղեկավար Եկատերինա Էնտինան։
Հարցազրույցի ընթացքում Էնտինան վերլուծել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, մասնավորապես՝ինչի կհանգեցնի եվրատլանտյան գործընկերության նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումների փոփոխությունը և ինչպես են դրան արձագանքում Եվրոպայում։ Նա անդրադարձել է Եվրոպայի ռազմականացման կուրսի հնարավոր հետևանքներին, ուժային բաղադրիչի հզորացմանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչու եվրոպական երկրները, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությամբ, սկսել են թշնամական քաղաքականություն վարել Մոսկվայի նկատմամբ։ Հարցազրույցի ընթացքում նա կիսվել է իր տեսակետով այն մասին, թե ինչպես Ուկրաինայում հակամարտության հնարավոր ավարտը կանդրադառնա Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի քաղաքականության վրա, ինչպես նաև մեկնաբանել է ԵՄ-Չինաստան հարաբերությունները՝ հաշվի առնելով Պեկինի նկատմամբ ԱՄՆ-ի առճակատման քաղաքականությունը։
Էնտինան, որը Բալկանյան երկրների քաղաքականության գծով ռուսաստանյան առաջատար փորձագետներից է, պատմել է նաև, թե արդյոք Եվրոպական միությանը հաջողվել է լուծել Բալկանների տարածաշրջանային հակամարտությունները, և ինչպես է այդ երկրների բնակչությունը վերաբերվում Թուրքիայի ակտիվացմանը տարածաշրջանում՝ հաշվի առնելով ծանր պատմական անցյալը։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Սերբիայի թեմային՝ անդրադառնալով Բելգրադի հարաբերություններին Ռուսաստանի և ԵՄ-ի հետ, և արդյոք սերբական հասարակությունը պատրաստ է զիջումների գնալ Կոսովոյի հարցում՝ հանուն ԵՄ անդամակցության։
Էնտինան մեկնաբանել է նաև Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման կուրսը և Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները։
«Այն իրավիճակը, երբ ֆինանսապես Եվրոպան դե ֆակտո ապրում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո՝ Վաշինգտոնի հաշվին, բայց միևնույն ժամանակ իրեն թույլ է տալիս հսկայական քաղաքական և ռազմավարական ազատություններ, կատեգորիկ չէր գոհացնում Թրամփին։ Նա իր դիրքորոշումն արտահայտեց միգուցե չափազանց էմոցիոնալ և դասական դիվանագիտությանն ու միջազգային հարաբերություններին ոչ բնորոշ ձևով։ Դա, ընդհանուր առմամբ, ունեցավ հստակ արդյունք. Եվրոպայի բոլոր երկրները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են, բարձրացրեցին իրենց ծախսերի մակարդակը դաշինքում։ Այո, դա իրավիճակն արմատապես չի փոխում, բայց Թրամփին, անշուշտ, հաջողվեց հասնել այդ նպատակին։
Ես այսօրվա ռազմավարությանը ևս քիչ թե շատ նայում եմ հենց այս տեսանկյունից, քանի որ ՆԱՏՕ-ի շրջանակներում Վաշինգտոնի և, այսպես ասած, համախմբված Բրյուսելի արտաքին քաղաքական ընդհանուր խնդիրները բավականին շատ են։ Դա միայն Ուկրաինան չէ, այլ նաև Հարավարևելյան Ասիան։ Թեև այսօր Թրամփն իր հռետորաբանության և հայտարարությունների շրջանակում երես է թեքում ասիական ուղղությունից հօգուտ լատինամերիկյանի, սակայն ոչ ոք Չինաստանին՝ որպես հիմնական մրցակցի և հակառակորդի, ասպարեզից չի հեռացնում։ Եվ դա ոչ միայն համաշխարհային գործընթացների շրջանակում է, այլև կոնկրետ Հարավարևելյան Ասիայում և Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղից Միացյալ Նահանգները չեն հեռանում և չեն պատրաստվում հեռանալ։ Ավելին, ՆԱՏՕ-ն դե ֆակտո համալրվել է այնպիսի ձևաչափերով, որոնք թեև ուղղակիորեն չեն մտնում դաշինքի մեջ, բայց աշխատում են դրա հետ սերտ կապի մեջ, ինչպիսիք են AUKUS-ը (ԱՄՆ, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա) և QUAD-ը (ԱՄՆ, Ավստրալիա, Ճապոնիա, Հնդկաստան)։ Եվ այս ամենը պետք է դիտարկել համակարգի մեջ։ Հետևաբար, ես այս ռազմավարության հայտնվելը տեսնում եմ որպես Վաշինգտոնի հայտ, որ եվրոպացիները պետք է ավելի հստակ կոորդինացվեն և նվազագույնի հասցնեն սեփական կամքի կամ անկախ դիրքորոշման դրսևորումները։ Մեզ համար դա ամենավառն արտահայտվում է Ուկրաինայի օրինակով, բայց ընդհանուր առմամբ այն ուղղված է ողջ աշխարհին»,- հայտարարել է Էնտինան։