Մոսկվայի հայ համայնքը ակցիա է անցկացրել՝ ի պաշտպանություն Կաթողիկոսի և ՀԱԵ-ի
05 Փետրվարի 2026, 21:16
Ռուսաստանի այ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի։
Ակցիայի մասնակիցները հանդես են եկել «Պաշտպանենք մեր Եկեղեցին», «Ձեռքերը հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն հոգևորականներին» գրություններով պաստառներով։ Հանրահավաքը կազմակերպվել էր՝ ի նշան ՀԱԵ-ի հետ համերաշխության և ի բողոք, ինչպես պնդում են մասնակիցները, հոգևորականների ու հասարակական գործիչների նկատմամբ ապօրինի հետապնդումների։
Հասարակական գործիչ Լևոն Մանուկյանի խոսքով՝ հավաքվածները պահանջել են ազատ արձակել այն անձանց, որոնք, նրանց կարծիքով, անարդարացի և ապօրինի են դատապարտվել։
«Այսօր մենք՝ հայ ժողովրդի հայրենասեր ներկայացուցիչներս, եկել ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին և պահանջելու ազատ արձակել նրանց, ովքեր անարդարացի և ապօրինի են դատապարտվել»,- հայտարարել է Մանուկյանը։
Ակցիան անցկացվել է այն օրերին, երբ պաշտոնական այցով Մոսկվայում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանրահավաքի մասնակիցները հատուկ շեշտադրել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջը։
Ելույթ ունեցողները Հայաստանի իշխանությունների գործողությունները բնութագրել են որպես ապակառուցողական, հակասահմանադրական և երկրի համար վտանգավոր։ Նույն դիրքորոշումն է արտահայտել նաև Կալինինգրադի հայ համայնքի ներկայացուցիչ Արսեն Խալատովը։
Հանրահավաքի ավարտին մասնակիցները կոչ են արել դադարեցնել ճնշումները հոգևորականության նկատմամբ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն։