Արցախի հայաթափումից 2 ամիս հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ բաժանել պատգամավորներին. Նարեկ Կարապետյան
16 Ապրիլի 2026, 11:20
«Արցախի հայաթափումից հետո մեր ամբողջ թիմը զբաղվում էր մեր հայրենակիցների տեղավորման հարցով։ Ես հիշում եմ՝ գիշեր-ցերեկ մենք այդ գործի վրա էինք, չէինք քնում, ահավոր սթրեսային էր»։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է՝ ավելի սթրեսային էր այն, որ Արցախից եկած ամեն 3-4-րդ մեքենան Տաշիր էր հասնում առանց ընտանիքի հայրերի ու պապիկների։
«Ամեն 3-4-րդում հայրը մեքենայում չէր, նկարն էին բերում։ Գալիս էին մայրը, երեխաները, ամուսնու մայրը, ամեն 3-4-րդ ընտանիքն անհայր էր գալիս։ Դա իմ կյանքի ամենածանր օրերն էին, չեմ կարող մոռանալ այդ ամենը»,-նշել է Նարեկ Կարապետյանը։
Նա համեմատություն է անցկացրել, թե ինչով էին այդ օրերին զբաղված ՔՊ-ականները։ Կարապետյանը հեռուստադիտողին ցույց է տվել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագիրը։
«Ես մի բան եմ պատրաստել, որ մեր հասարակությանը մարդկանց դեմքերը ճիշտ ճանաչի՝ ոչ թե խոսքերով, այլ իրական դեմքերով։ Ես բերել եմ 2023 թ. Արցախի դեմ սկսած ագրեսիայից հետո ԱԺ նախագահի հրամանագիրը, որով նա պարգևավճարներ է բաժանում պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին։ Սա կարող են մեր հայրենակիցները տեսնել, երբ մենք չէին քնում այդ սթրեսի մեջ, ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ է վճարել պատգամավորներին։ Երկու ամիս անց, երբ այստեղ 100 հազար մարդ անօթևան էր, պարգևավճար է բաժանել պատգամավորներին»,-ասել է Կարապետյանը։