Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որ նման բարբարոսությունը երբեք չկրկնվի․ Պուտին

24 Ապրիլի 2026, 12:33

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ` նշելով, որ ազգային պատկանելիության հողի վրա մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանման քաղաքականությունը չի կարող ունենալ որևէ արդարացում։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին և վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին, թե ինչի է հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունը և այլատյացությունը։

Կցանկանայի նշել, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը դատապարտվել է որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն պատմության նոր փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

Մենք վստահ ենք, որ ազգային պատկանելիության հողի վրա մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանման քաղաքականությունը չի կարող արդարացվել, իսկ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար, բայց նրանց կրած ողբերգությունը միավորեց մարդկանց, որոնք ցուցաբերեցին անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը: Վստահ եմ, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։

Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- ասված է Վլադիմիր Պուտինի ուղերձում։

Հիմա եթերում