Պուտինը Փաշինյանից պահանջում է հստակ պատասխան ՀՀ արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ․ Բեզպալկո

13 Մայիսի 2026, 21:30

Քաղաքականություն

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և այն հարցին, թե ուր են դրանք շարժվում, քանի որ Մոսկվան Երևանից սպասում է հստակ պարզաբանումներ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը խուսափում է Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահի կողմից բարձրացված հարցերին հստակ պատասխան տալուց։ Եթե դուք մտադիր եք շարժվել դեպի Արևմուտք, Եվրամիություն, ապա խնդրեմ՝ գնացեք, բայց հստակ հայտարարեք ձեր դիրքորոշման մասին։ Ցանկալի կլինի նաև հանրաքվե անցկացնել, և դրանից հետո դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից։

Մի կողմից՝ Հայաստանի ղեկավարության ամբողջ քաղաքականությունը հանգում է այդ երկու ինտեգրացիոն միավորումների շրջանակում անհրաժեշտ ընթացակարգերի, վճարումների և հանդիպումների անտեսմանը։ Մյուս կողմից՝ մշտապես հնչում է ժողովրդավարական բնույթի հռետորաբանություն այն մասին, թե՝ երբ ցանկանանք, երբ նպատակահարմար համարենք, այն ժամանակ էլ դուրս կգանք։ Սակայն դրանք կոլեկտիվ կազմակերպություններ են, և դրանց կառավարման մարմիններն էլ կոլեկտիվ բնույթ ունեն, հետևաբար վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի հստակեցնել սեփական դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ նման դիրքորոշման հստակեցումը հետևանքներ կունենա», — ասել է Բեզպալկոն։

Փորձագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է Հայաստանի համար արժենալ գրեթե ՀՆԱ-ի 16 տոկոսը, հանգեցնել շուկաների կորստի և լարվածություն ստեղծել Կովկասում։

«Դա կարող է նշանակել հարված տնտեսությանը, շուկաների կորուստ, տնտեսական և այլ կապերի խզում։ Այս առումով դա կարող է նաև որոշակի ռազմական սպառնալիքներ առաջացնել Հայաստանի համար։ Սակայն մեզ համար՝ Մոսկվայում, ամենակարևորն այն է, որ դա լարվածություն է ստեղծում Կովկասում և սպառնալիքներ՝ Ռուսաստանի համար, մեր երկրի համար։ Այդ պատճառով էլ Վլադիմիր Պուտինը Փաշինյանից պահանջում է հստակ պատասխաններ, սակայն առայժմ դրանք չի ստանում։ Ակնհայտ է, որ որոշ ժամանակ անց պատասխանների բացակայությունն ինքնին, կդիտարկվի որպես պատասխան», — եզրափակել է Բեզպալկոն։