Միամիտ չենք, բայց երբ Իսրայելի շահերը համընկնում են մեր շահերի հետ, պետք է օգտվել դրանից. Վարժապետյան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը պետք է դիտարկել քաղաքական շահերի համատեքստում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

«Միամիտ չենք․ ոչ հայության կամ Հայաստանի համար են ճանաչում Ցեղասպանությունը, այլ իրենց շահերից ելնելով, բայց երբ այդ շահերը համընկնում են մեր շահերի հետ, մենք պարտավոր ենք դա դրական գնահատել»,- ասել է Վարժապետյանը։

Նրա գնահատմամբ՝ Իսրայելը փորձում է քաղաքական ուղերձ հղել Թուրքիային, և այդ հանգամանքը պետք է օգտագործել հանուն հայկական շահերի՝ առանց թեման շեղելու այլ հարցերի վրա։

Վարժապետյանը միաժամանակ քննադատել է Հայաստանի իշխանությունների մոտեցումը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության թեման «զենքայնացնելու» մասին հայտարարությունները սխալ են, քանի որ հիմնական պայքարը պետք է ուղղված լինի թուրքական ժխտողականության դեմ։

«Այս հարցում ցանկացած հակառակ դիրքորոշում, ըստ էության, ծառայելու է թուրքական քաղաքականությանը և վերածվելու է թուրքահաճո հայտարարության»,- ընդգծել է նա։