Խնդրահարույց հարցերի լուծման հույս ունեմ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

06 Հուլիսի 2026, 16:10

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն:

Փաշինյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է երկու երկրների հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար: Սա լավ առիթ է ժամացույցը ստուգելու համար:

«Վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ–ում մեր մասնակցությամբ, և շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ–ի մասին պայմանագրով, աշխատեն պլանային ռեժիմով։ Ես կարծում եմ, որ դա բխում է ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված և հույս ունի քննարկել, պարզաբանել բոլոր հարցերն ու նրբությունները:

«Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել»,– նշել է ՀՀ վարչապետը: