TRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ․ Արարատ Միրզոյան

16 Հուլիսի 2026, 11:45

Քաղաքականություն

«Մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու հարցը։

Նա հայտնել է, որ «TRIPP զարգացման ընկերությունը» կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ «Այս ժամկետում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարաձգել համաձայնության ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,- ասել է նախարարը։

Նա շեշտել է, որ ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ։

«ՀՀ-ն իր ներպետական օրենսդրությամբ, միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝

  • Անվտանգություն և իրավապահ գործունեություն,
  • Սահմանային վերահսկողություն ու սահմանային անվտանգություն,
  • Մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
  • Հարկերի ու տուրքերի փոխանցում պետբյուջե և պետական տեղեկատվական համակարգերի գործարկում,
  • Պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն»,- ասել է նա։