Երեկվանից ադրբեջանցի սահմանապահները կանգնել են Կիրանց գյուղ մտնող կամրջի վրա. Կամո Շահինյան

16 Հուլիսի 2024, 15:14

Քաղաքականություն

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն կանգնած են Կիրանց գյուղ մտնող կամրջի հատվածում: Տեղեկությունը Alpha News-ի հետ զրույցում հաստատեց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:

«Ադրբեջանի սահմանապահները կանգնած են ճանապարհի այդ հատվածում: Հուլիսի 15-ին, ժամը 18:00-ի սահմանում, եկել են կանգնել կամուրջի այդ հատվածում: Մինչև այս գյուղի վերևում էին կանգնած, հիմա արդեն իջել են կամրջի վրա: Սահմանով քայլում են արդեն, բայց դեռ դրոշ չեն տեղադրել այդ հատվածում: Իմ տվյալով՝ հայ-ադրբեջանական բանակցությունները տեղի էին ունեցել ամսի 15-ին և 2-ամսյա ժամկետ էր որոշվել, որն ավարտվեց երեկ, դրա համար էլ իրենք եկել են այդ հատվածում կանգնել»,- ասաց գյուղի վարչական ղեկավարը:

Կամո Շահինյանի խոսքով՝ գյուղում վախի մթնոլորտ չկա:

«Մենք ոչ թե վախենում ենք, որ թուրքը եկել է, այլ էն ժամանակ մենք վռնդել ենք իրենց էդ տարածքից ու էսօր իրենք հանգիստ եկել, կանգնել են: Դե եթե Հայաստանի համար դա իրականում խաղաղություն է, ապա ինչ ասեմ, մենք էլի պատրաստ ենք եղածը պահելու»,- հավելեց Շահինյանը: