Ամերիկացիները շատ դժվար կացության մեջ են. Նատալյա Խարիտոնովան՝ ԱՄՆ-ՌԴ բանակցությունների մասին
18 Մարտի 2025, 23:30
Ռուս քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի պետական համալսարանի գլխավոր գիտաշխատող Նատալյա Խարիտոնովան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններին, հետխորհրդային տարածքի նկատմամբ ԵՄ քաղաքականությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին և Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր տեսլականին:
«Այն փաստը, որ տրվել է բանակցությունների մեկնարկը, և որ կողմերը, նկատի ունեմ ռուսական և ամերիկյան կողմերին, շահագրգռվածություն են ցուցաբերում, որ այդ հակամարտությունը կարգավորվի, արդեն ինքնին դրական է: Այստեղ ինչ-որ բան կանխատեսելը շատ դժվար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդհանուր բանակցային տարածք դեռ չի գտնվել։ Այսինքն՝ ուկրաինական կողմն ունի իր պահանջները, նրանք յուրովի են տեսնում իրավիճակը և այդ խաղաղ կարգավորման ապագա պարամետրերը։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի ներկայիս քաղաքական ղեկավարությունը մտադիր չէ հետ կանգնել այն նպատակներից, որոնք ի սկզբանե ունեին։ Դա շատ մեծ խնդիր է, նրանք պատրաստ չեն առաջ շարժվել, ինչն էլ խանգարում է ընդհանուր բանակցային տարածք գտնելուն։
Ռուսաստանն իր դիրքորոշումներում նույնպես շատ հետևողական է: Ըստ ռուսական կողմի՝ պետք է հասնել հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին:
Եվ ահա, երբ երկու նման տարբեր դիրքորոշումներ կան, ամերիկացիները շատ դժվար կացության մեջ են, ինչպես մյուս կողմերը, որոնք հավակնում են միջնորդ լինել կամ պարզապես, այսպես կոչված, բարի ծառայություններ մատուցել։ Այս բանակցային գործընթացում նրանց համար շատ դժվար կլինի այդ երկու դիրքորոշումներն ընդհանուր հայտարարի բերել», — նշել է Խարիտոնովան։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը հաջողությամբ դիմակայում է արևմտյան երկրների պատժամիջոցներին:
«Ինձ թվում է՝ պատժամիջոցների ներուժը վաղուց սպառվել է։ Այսինքն, վերջին երեք տարիների փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը բարեհաջող ապրում է այդ պատժամիջոցային ռեժիմով։ Եվ նախօրեին ընդունված ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթը արմատապես ոչինչ չի փոխում։ Այստեղ հարցը նույնիսկ այլ է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ուկրաինական կարգավորման հետ կապված մի շարք խնդիրների լուծմանը զուգահեռ ամբողջությամբ ծավալվում է սակագնային պատերազմ։ Եվ եթե այն տեղի ունենա, ապա ներկայիս 9,5 տրիլիոն դոլարի առևտուրը կարող է կրճատվել։ Դա կազդի և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի վրա։ Այսինքն՝ մենք չենք կարող ուկրաինական հարցն առանձնացնել այլ հարցերից», — ընդգծել է փորձագետը։
Անդրադառնալով ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերություններին՝ Խարիտոնովան նկատել է, որ չնայած ընդհանուր նպատակներին, այդ երկրները մի շարք դիրքորոշումների վերաբերյալ ունեն բազմակողմանի հայացքներ:
«Նրանք իրականում ամենևին էլ ջերմ հարաբերություններ չունեն, նրանք շատ հին հակասություններ ունեն։ Հենց այն փաստը, որ հին ավանդույթի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը պետք է ներկայանա Ամերիկայի նոր նախագահին։ Իրականում նրանց միջև բավականին լարված հարաբերություններ են, բայց ինչ-որ պահի դրանք, իհարկե, հատվում են, և նրանք ընդհանուր խաղ են խաղում։ Եվ, ի դեպ, բրիտանական գործոնը չափազանց կարևոր է ուկրաինական հարցի շրջանակներում, քանի որ այն ներառում է Զելենսկու անվտանգության անձնական երաշխիքները։ Սա այն ամենն է, ինչ վերաբերում է հետախուզական տվյալներին և այլ բաներին։ Մեծ Բրիտանիան ընդունել է այս դիրքորոշումը և կշարունակի խաղալ այս խաղը, քանի որ նա ոչինչ չի կորցնում: Նա առանձնապես գումար չի ծախսում դրա վրա», — նշել է նա։
Alpha News-ի զրուցակիցն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ դիմակայությունում Եվրոպայի այլ երկրների դերին․ «Ֆրանսիայի դեպքում հարցեր են, որոնք կապված են ոչ միայն մատակարարումների, այլև տարբեր քաղաքական հարցերի հետ, ինչպիսիք են՝ հայտարարությունները, երաշխիքները, միջուկային հովանոցը և այլն: Բայց, իհարկե, հիմնական բեռն ընկնելու է Գերմանիայի վրա»:
Բնութագրելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ քաղաքագետը նկատել է, որ Մոսկվան Երևանն ընկալում է որպես իր մերձավոր դաշնակից երկրներից մեկը, իսկ տնտեսությունը կարևոր դեր է խաղում երկրների հարաբերություններում։
«Ռուսաստանը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Հայաստանը մնում է դաշնակից մի շարք ինտեգրացիոն միավորումներում՝ սկսած ԱՊՀ-ից մինչև ՀԱՊԿ և ԵԱՏՄ։ Այսինքն, որքանով ինձ հայտնի է մեր վերլուծաբանների, ռուսական ինստիտուտների զեկույցներից, Հայաստանն առաջին տեղում է, օրինակ, ԵԱՏՄ-ում փոխգործակցությունից շահույթ ստանալու տոկոսային հարաբերակցությունների առումով։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանն այդ գործոնը շատ է գնահատում», — ամփոփել է Խարիտոնովան։