Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունենար, ոչ ոք չէր ցանկանա այն թիրախավորել․ Հակոբ Բագրատունի
16 Սեպտեմբերի 2026, 16:00
Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ պատմությանը։ AlphaNews-ի հետ զրույցում ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
Նրա խոսքով՝ տարբեր ժամանակաշրջաններում Դաշնակցությունը թիրախավորվել է տարբեր իշխանությունների կողմից՝ սկսած ցարական իշխանություններից մինչև խորհրդային ռեժիմ և Օսմանյան կայսրություն ու Թուրքիա։
«Ինչո՞ւ ցարական իշխանությունները թիրախավորեցին Դաշնակցությանը, ինչո՞ւ կոմունիստական ռեժիմը թիրախավորեց, ինչո՞ւ օսմանցիները և Թուրքիան թիրախավորեցին ու կշարունակեն թիրախավորել Դաշնակցությանը։ Եթե այս հարցի հստակ պատասխանը ունենանք, կարող ենք հասկանալ, թե ինչու նաև այսօր Նիկոլ Փաշինյանն է ցանկանում թիրախավորել Դաշնակցությանը»,- ասել է Բագրատունին։
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը տասնամյակների ընթացքում ձևավորվել է որպես կազմակերպված և պայքարի գաղափարախոսություն կրող ուժ։
«Եթե Դաշնակցությունը արժեք, ուժ և մեր ժողովրդի սրտում տեղ ունեցող կուսակցություն չլիներ, եթե չունենար պայքարի, կազմակերպման, նահատակության և ծառայության գաղափարները, բնականաբար, ոչ ոք չէր ցանկանա այն թիրախավորել»,- նշել է նա։
Բագրատունին ընդգծել է, որ Դաշնակցությունը շարունակելու է իր գործունեությունը՝ հայապահպանության, քաղաքականացման, Հայ դատի հետապնդման և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղություններով։
«Ովքեր էլ թիրախավորեն, այդ բոլորը պարզապես ավելի կզորացնեն Դաշնակցությունը և ավելի կընդհանրացնեն նրա շուրջ եղած համակրանքը, քանի որ մեր ժողովրդի հոգու մեջ դրոշմված է մարտունակությունը, պայքարի ոգին»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: