ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան

05 Նոյեմբերի 2026, 13:09

Քաղաքականություն

Հայաստանն այս պահին չունի այլընտրանք, որը հնարավորություն կտա դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները սկսել են նախապատրաստական աշխատանքներ՝ ԵԱՏՄ-ին այլընտրանքի ձևավորման ուղղությամբ, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա։

«Սկսել ենք նախապատրաստություն, ինչպես ժողովրդին ենք խոստացել, այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա։ Պրոցեսը տանում է նրան, որ 2027-2028 թվականներին պաշտոնապես դիմենք ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությանը՝ Փաշինյանը նշել է, որ կազմակերպության հետ կապված Հայաստանի շահերն այլևս սպառված են։

«Ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»,- հայտարարել է նա։