Իր ժամանակից առաջ ընկած մաթեմատիկայի հանճարը․ Սերգեյ Մերգելյան 

19 Մայիսի 2025, 22:00

Հայեր

Մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ անդամ, Ստալինյան մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում՝ հայ ընտանիքում։ Մանկությունն անցել է դժվարին պայմաններում, այդ թվում՝ ընտանիքի բռնի տեղափոխումը Սիբիր։

Մերգելյանը պատերազմից առաջ ապրել է Ռուսաստանում, սովորել Կերչի միջնակարգ դպրոցում։ Երբ 1941-ի վերջին նրա ընտանիքը Կերչից տեղափոխվել է Երևան, նա հայտնվել է բոլորովին անծանոթ միջավայրում, քանի որ հայերեն չգիտեր։ 

1944 թվականին 16 տարեկանում  9-10 դասարանների քննություններն էքստեռն հանձնելով ավարտել է դպրոցն ու ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Համալսարանական 5 տարին նա ավարտել է 3 տարում։ 

Արդեն ուսանողական տարիներին նրա տաղանդը գրավել է առաջատար գիտնականների ուշադրությունը։ Գիտական նվաճումները նրան դարձրել են ԽՍՀՄ պատմության մեջ գիտությունների ամենաերիտասարդ դոկտորներից մեկը. Մերգելյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ընդամենը 20 տարեկանում։

1956 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, իսկ 1991 թվականին՝ Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս։ Մերգելյանը առանցքային դեր է խաղացել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման գործում։

Նա ոչ միայն փայլուն գիտնական էր, այլև բացառիկ վճռականություն ունեցող մարդ։ Մերգելյանը 24 տարեկանում դարձել է ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամը։ 

1971-1974 թթ․ եղել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1974-1979 թթ․՝ ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրեն, որը հետագայում դարձել է Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտ։ 1979-1982 թթ․ եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի ամբիոնի վարիչ, իսկ 1982-1986 թթ.՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։

1950-ականների սկզբից ընկերություն է արել Ինդիրա Գանդիի հետ։ 1976 թվականին Մոսկվա կատարած պաշտոնական այցից հետո Հնդկաստանի վարչապետը մասնավոր այցով ժամանել է Երևան՝ հանդիպելու Մերգելյանին, ինչը վկայում է նրա միջազգային հեղինակության մասին ոչ միայն որպես գիտնական, այլև որպես լայն կապեր ունեցող անձ։

Սերգեյ Մերգելյանը մահացել է 2008 թվականի օգոստոսի 20-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Նրա աճյունն ի սկզբանե ամփոփվել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի գերեզմանոցում, սակայն ընտանիքի խնդրանքով հետագայում վերահուղարկավորվել է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը: