Փարիզում բացվել է Արշակ Չոպանյանին նվիրված հուշատախտակ

18 Մայիսի 2025, 15:00

Հայեր

Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում մայիսի 14-ին բացվել է հուշատախտակ՝ նվիրված հայ մտավորական, Ֆրանսիայում «Արմենոֆիլ» շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոպանյանի հիշատակին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանության փոխանցմամբ՝ երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոպանյանը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, Արշակ Չոպանյանի անվան ինստիտուտի նախագահ Ժան Սիրապյանը։

Արարողությանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, ֆրանսահայ անվանի գիտնական Կլոդ Մութաֆյանը, հայկական մի շարք ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպանը Արման Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ Արշակ Չոպանյանի անվան հուշատախտակը բացվում է Փարիզի պատմական հայկական թաղամասում, որն իր կենսունակությամբ 1920-ական թվականներից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել հայ մտավորականների նոր սերնդի ձևավորման գործում, որոնց թվում է եղել Արշակ Չոպանյանը։

Դեսպանն Խաչատրյանն իր երախտագիտությունն է հայտնել հայազգի մտավորականի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա նաև ընդգծել է Արշակ Չոպանյանի կարևոր դերակատարությունը 19-րդ դարի վերջի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերից հետո Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման մեկնարկի գործում, որին հարում էին ֆրանսիական մտավորական և քաղաքական էլիտայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք էին՝ Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ռոմեն Ռոլանը, Շառլ Պեգին, Ժորժ Կլեմանսոն և այլք։