Նվեր Սաֆարյան․ Պատերազմի հերոսն ու հայկական ռազմական ավանդույթների պահապանը

05 Մայիսի 2025, 20:30

Հայեր

Նվեր Գեորգիի Սաֆարյան՝ հայ ականավոր զորահրամանատար, որն առանցքային դեր է խաղացել Հայրենական մեծ պատերազմում:

Նվեր Սաֆարյանը ծնվել է 1907թ. հոկտեմբերի 10-ին Արևմտյան Հայաստանի Ականց (Արճեշ) քաղաքում, որը գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին: Հայոց ցեղասպանության տարիներին նրա ընտանիքը ծանր փորձությունների միջով է անցել։ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվել է Էջմիածին, բայց շուտով մայրը մահացել է ծանր հիվանդության պատճառով: Որբանալուց հետո Նվերը հայտնվել է Օշականի մանկատանը։

1927 թվականին Նվեր Սաֆարյանն ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը, որից հետո նշանակվել է Կլիմենտ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի հրամանատար: 1940 թվականին ավարտել է Մ․Վ․Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ինչը կարևոր փուլ է դարձել նրա ռազմական կարիերայում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Սաֆարյանը մասնակցել է Դնեպրոպետրովսկի և Ստալինոյի պաշտպանությանը, ապա ղեկավարել է 295-րդ հրաձգային դիվիզիան։ 1943 թվականին գլխավորել Է 89-րդ Թամանյան դիվիզիան, որը վճռորոշ դեր է խաղացել Նովոռոսիյսկի և Թամանի թերակղզու ազատագրման գործում։ Նրա հրամանատարությամբ դիվիզիան հասել է Բեռլին՝ մասնակցելով Երրորդ ռեյխի մայրաքաղաքի գրոհին։ Սաֆարյանի գլխավորած 89-րդ Թամանյան դիվիզիան ցուցաբերել է բացառիկ մարտական պատրաստություն և տոկունություն:

Պատերազմից հետո Սաֆարյանը շարունակել է ծառայությունը, զբաղվել ռազմահայրենասիրական աշխատանքով և դարձել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նա ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին՝ նպաստելով հայ զինվորների հերոսության հիշողության պահպանմանը։

Սաֆարյանի ներդրումը ռազմական գիտության զարգացման և երիտասարդության հայրենասիրության դաստիարակության գործում նշանակալի էր: Իր վաստակի համար Սաֆարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում և պարգևատրվել է Կարմիր Դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով:

Նրա անունը հավերժ կմնա պատմության մեջ՝ որպես իր ժողովրդին արիության և նվիրվածության խորհրդանիշ: Ի նշան նրա վաստակի՝ Երևանում Նվեր Սաֆարյանի անունով է կոչվել թիվ 164 միջնակարգ դպրոցը: Այսօր հերոսի անունը շարունակում է ոգեշնչել նրանց, որոնք ձգտում են պաշտպանել և զարգացնել իրենց երկիրը: