Ալիևն արգելափակո՞ւմ է TRIPP-ը
17 Սեպտեմբերի 2026, 12:00
(Ինչպե՞ս պետք է հասկանալ Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները)
«Մինչ Հայաստանի Սահմանադրական դատարանը TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ճանաչում է երկրի հիմնական օրենքին համապատասխանող, իսկ պաշտոնական Երևանը քաղաքական մակարդակում ձգտում է դա ներկայացնել որպես ինքնիշխանության ամրապնդման և հաղորդակցությունների ապաշրջափակման քայլ, Ադրբեջանից հնչող հայտարարություններն իրականում քանդում են այդ հույսերը։ Ադրբեջանի արտգործնախարար ՋեյհունԲայրամովի ելույթը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ՀՀ ՍԴ-ի որոշումից մեկ օր առաջ, հստակ ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն իրեն է վերապահում վերջին խոսքը, այլև դե-ֆակտո ամրագրում է իր լիակատար վերահսկողությունը այս երթուղու կենսունակության նկատմամբ։
Ֆորմալ տրամաբանության, աշխարհագրության և միջազգային իրավունքի տեսանկյունից Բայրամովի այն թեզը, թե «TRIPP-ի մուտքերն ու ելքերը գտնվում են Ադրբեջանի տարածքում», իր մեջ կրում է ուղղակի վերջնագիր: Նրա խոսքերից բխում է միանշանակ հետևություն. առանց պաշտոնական Բաքվի ուղղակի համաձայնության և հավանության՝ ոչ մի բեռ, ոչ մի տրանսպորտ կամ ուղևոր չի կարող ֆիզիկապես հայտնվել Հայաստանի տարածքով անցնող այս 42-կիլոմետրանոց հատվածում։ Մատնանշելով երթուղու տարանցիկ բնույթը և լոգիստիկ կախվածությունը Ադրբեջանի և Թուրքիայի ենթակառուցվածքներից՝ Բաքուն հասկացնել է տալիս Վաշինգտոնին և Երևանին, որ TRIPP-ը երրորդ երկրների համար «լոգիստիկ հաբ» վերածելու փորձերը՝ առանց հաշվի առնելու ադրբեջանական շահերը, դատապարտված են ձախողման: Ցանկացած միջազգային ընկերություն, որը հույս ունի բեռ փոխադրել այս երկաթուղով, անխուսափելիորեն բախվելու է ադրբեջանական կողմում մաքսային թույլտվություններ ստանալու և ստուգման ընթացակարգեր անցնելու անհրաժեշտությանը:
Փաստացի Բաքուն փորձում է TRIPP-ը վերածել բացառապես սեփական կարիքների համար նախատեսված ճանապարհի, որը «միայն անարդար պատահականությամբ է ժամանակավորապես անցնում հայկական տարածքով»։ Ստեղծված կառուցվածքում նկատվում է առանցքային պարադոքս. Հայաստանն իրավաբանորեն ամրագրում է իր իրավունքները, բայց պրակտիկորեն հեռանում գործընթացների իրական կառավարումից: Արդյոք սա քողարկված միջանցք չէ, և արդյոք սա տվյալ հատվածի նկատմամբ լիիրավ հայկական ինքնիշխանության բացակայության ակնառու ամրագրում չէ: Երբ Ադրբեջանը վերահսկում է ինչպես մուտքային կետն իր հիմնական տարածքից, այնպես էլ ելքայինը Նախիջևանում, հենց ինքն է թելադրում շահագործման պայմանները:
Եթե այս աշխարհագրական կախվածությանը ավելացնենք նաև 2026 թվականի հունվարին հրապարակված հայ-ամերիկյան փաստաթղթերում ամրագրված դրույթները՝ կապված այսպես կոչված «ֆրոնտ- և բեք-օֆիսների» հետ, ինչպես նաև հստակ երաշխիքների բացակայությունը առ այն, որ հենց հայկական սահմանապահ և մաքսային ծառայություններն են լիիրավ և միանձնյա ապահովելու անվտանգությունն ու վերահսկողությունը երթուղու վրա, պատկերը դառնում է առավել քան թափանցիկ: Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Բաքուն քայլ առ քայլ Երևանից հասնում է հենց այն «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմանը, որն սկզբում պահանջում էր մաքսիմալիստական ձևով: Փոխվում է միայն տերմինաբանությունը, բայց ոչ էությունը։
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն այս պայմաններում ավելի շատ նման է անխուսափելիի տեխնիկական և քաղաքական ձևակերպմանը, քան ինքնիշխան կամքի դրսևորման։ Երևանը հույսը դնում է ԱՄՆ-ի և միջազգային գործընկերների աջակցության վրա, սակայն, ինչպես բացահայտորեն խոստովանում է ինքը՝ Բայրամովը, հենց ամերիկյան կողմն է պարբերաբար տեղեկացնում Բաքվին հայ-ամերիկյան բանակցությունների ընթացքի մասին։
Սա նշանակում է, որ նախագծի պարամետրերն ամեն դեպքում հարմարեցվում են Ադրբեջանի պահանջներին։ Արդյունքում հայկական կողմը վտանգում է ստանալ մի ենթակառուցվածքային օբյեկտ, որն իրավաբանորեն գտնվում է իր տարածքում, բայց փաստացի աշխատում է Բաքվի կանոններով և ի շահ Բաքվի՝ Ադրբեջանին իրավունք վերապահելով ցանկացած պահի արգելափակել երթուղին պարզապես դրա «մուտքի և ելքի» վերահսկողության իրավունքի հիման վրա:
Ի դեպ, իսկ ի՞նչ կա Ադրբեջանի տարածքով անցնող այն կոնկրետ երթուղիների մասին, որոնք Հայաստանին թույլ կտան կապ հաստատել Իրանի և Ռուսաստանի հետ: Ի՞նչ է այս մասին ասում Բայրամովը կամ նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանը: Ճիշտ է, այս մասին ոչինչ չի ասվում:
Իսկ միգուցե այնպես ստացվի, որ, զիջելով միջանցքը, Երևանն անգամ հնարավորություն չստանա Ադրբեջանի միջոցով ուղղակիորեն մուտք ստանալ ՌԴ-ի և Իրանի տարածքներ:
Մտածե՛ք այդ մասին…»։