ՀՀ արտահանման գրեթե կեսն ուղղվում է դեպի ՌԴ․ լա՞վ է դա, թե՞ վատ
23 Մայիսի 2025, 16:03
Լարսի անցակետում կոնյակ արտահանողների հետ կապված խնդիրը հերթական առիթն էր ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու մեզ համար կարևոր ուղղության՝ դեպի ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրներից բխող հնարավոր ռիսկերին ու մարտահրավերնեին։ Կոնյակի օրինակը պայմանական է, քանի որ հայկական արտահանման զգալի հատվածը հենց ՌԴ է ուղղվում։
Որպես օրինակ, դիտարկենք 2025թ․ հունվար-մարտի ամիսների տվյալները։
ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն այս ընթացքում մոտ 1,5 մլրդ դոլար է կազմել, որը ընդհանուր առևտրաշրջանառության 35,3 %-ն է։ Միայն արտահանումը ՀՀ-ից ՌԴ ընդհանուրի 41,1 % մասնաբաժինն է։ Ֆիքսենք, որ Հայաստանի արտահանման գրեթե կեսն ուղղվում է դեպի ՌԴ։ Ինչո՞ւ է դա այդպես և լա՞վ է դա, թե՞ վատ։
Թե ինչով է պայմանավորված նման պատկերը, կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ՝ աշխարհագրություն, լոգիստիկ սահմանափակ հնարավորություններ, ռուսական ուղղության հետ բիզնես մշակույթի խորը արմատներ, ԵԱՏՄ մաքսային արտոնություններ, տեխնիկատնտեսական առումով ավելի հասանելի շուկա՝ ի դեմս ՌԴ-ի։
Ինչ վերաբերում է հարցին՝ լա՞վ է դա, թե վատ։
Մասշտաբի էֆեկտի խնդիր ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, իհարկե, լավ է ունենալ ռուսական շուկան։ Հիշեցնենք՝ արտադրողի համար ընդլայնման և հավելյալ արտադրանք ունենալու համար կարևոր է մեծ սպառման շուկան։ Հայաստանը փոքր երկիր է, ուստի մեզ համար ռուսական շուկան հնարավորություն է։ Սակայն խնդիր է նաև, որ մենք զգալի կախվածություն ունենք մեկ ուղղությունից։ Ի դեպ, հատկանշական է, որ հատկապես այս իշխանության օրոք, որն ամենաշատն է խոսում ռուսական ուղղությանը փոխարինող «դիվերսիֆիկացիայի» մասին, կախվածությունը ՌԴ-ից է՛լ ավելի է մեծացել։
Ուստի, շատ կարևոր է արձանագրել՝ արտաքին առևտրային այլ ուղղությունները Հայաստանի համար անհրաժեշտություն են, բայց արդյոք դա ենթադրում է հրաժարում ռուսականից։ Իրական դիվերսիֆիկացիան ենթադրում է եղած հնարավորությունների ընդլայնում։ Մի ուղղությունը մյուսով փոխարինելը դիվերսիֆիկացիա չէ։
Վերադառնալով կոնյակի օրինակին՝ կրկին հատվածական վիճակագրությամբ փորձենք պատկեր ստանալ։
2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված կոնյակի 13,6 %-ը բաժին է ընկնում միայն ՌԴ-ին։ Կոնյակի արտահանման օրինակով՝ ռուսական շուկան հայկական արտադրողի համար ունի դեռևս իրատեսական համարժեք այլընտրանքը չունեցող նշանակություն։ Սա աշխարհաքաղաքական նախընտրության կամ ճաշակի հարց չէ, սա փաստ է։ Փաստ, որի հետ հաշվի չնստելը կնշանակի սնանկացնել սեփական տնտեսությունը։