Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է ի պաշտոնե իր պարտականությունները կատարելու համար. Մեսրոպ Մանուկյան
14 Սեպտեմբերի 2026, 10:46
Շուտով 19-րդ օրը կլրանա, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:
«Ես ուզում եմ մեր հանրությանն ասել, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ ո՛չ կոռուպցիայի համար, ո՛չ թալանի, ո՛չ Հոկտեմբերի 27-ի, ո՛չ Մարտի 1-ի, այլ կալանավորված է իր պարտականությունները կատարելու համար։ Այսինքն՝ ի պաշտոնե Հանրապետության նախագահը պարտավոր էր վավերացնել կառավարության որոշումները և ուրիշ այլ տարբերակ չուներ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այն կրում է բացառապես քաղաքական բնույթ։
Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ Քոչարյանի աշխատանքային տարիներին չի եղել որևէ կառավարական որոշում, որը նա չվավերացներ։
«Կցանկանայի զուգահեռ տանել այսօրվա իրականությանը, երբ կառավարության որոշմամբ՝ չզեկուցվող հարցերի շրջանակում, Երևան քաղաքի համար ձեռք են բերվում ավտոբուսներ՝ հայտնի ժամկետանց ավտոբուսները։ Մի նստատեղը պակաս է, շարժիչի հզորությունն ուրիշ է, քաշը մոտ 600 կգ ավելի ծանր, որը բերելու է ավելի շատ վառելիքի ծախսի։ Ու փոխանակ դրա համար ինչ-որ մեկը դատվի կամ պատասխանատվություն կրի, բերում են, կառավարության որոշմամբ սղացնում են, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, և դրա տակ ստորագրում է Նիկոլ Փաշինյանը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը: